Հարձակվել են Ուկրաինայի Դոնեցկի շրջանի զորամասերից մեկի վրա. կա վիրավոր

Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերն անհայտ անձինք հարձակվել են Ուկրաինայի արևելյան՝ Դոնեցկի շրջանի Արտեմովսկ ավանում տեղակայված զորամասի վրա։ Այս պահին զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնի է, որ վիրավորվել է զորամասի զինծառայողներից մեկը։

Ինչպես հաղորդում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, զորամասի վրա հարձակված անձինք կրակ են բացել ինքնաձիգերից ու նռնականետերից, ինչպես նաև կիրառել են ձեռքի նռնակներ։ Զինծառայողները, ըստ աղբյուրի, հարկադրված են եղել անցնել շրջանաձև պաշտպանության և հետ են մղել հարձակումը։

Նկատենք, որ Ուկրաինայի ՊՆ-ն չի մանրամասնում՝ արդյոք հարձակվողների շարքում կան զոհեր ու ձերբակալվածներ։ Զորամասի հրամանատար Վլադիմիր Չոբոտոկը հայտնել է լրագրողներին, որ զորամասի վրա հարձակվել են «զինյալներ, իսկ հարձակումը հաջողությամբ հետ է մղվել»։

Իր հերթին, «Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական ռազմաքաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Տիմչուկն իր սոցցանցային էջում գրել է, որ հարձակվողների թիրախը զորամասում կուտակված մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ պնդում է՝ հարձակվող «զինյալներին ղեկավարում էր մորուսով ոռւսաստանցի մի զինվորական»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 16-ին, մեկ այլ զինված խումբ փորձել էր գրոհել Դոնեցկի շրջանի Մարիուպլ քաղաքի զորամասը՝ կրկին տեղի զինանոցին տիրանալու նպատակներով։ Հարձակման հետևանքով սպանվել էր 3, վիրավորվել 10 հոգի, ձերբակալվել էին հարձակվողներից 60-ը։

Հավելենք, որ 2014-ի ապրիլի սկզբից ի վեր Դոնեցկի շրջանում բնակչության ռուսամետ մասը ցույցեր է կազմակերպում՝ պահանջելով նոր ՏԻՄ ընտրություններ և Կիևից անկախացմանը միտված հանրաքվեի անցկացում։ Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են արևելյան շրջաններում «հակաահաբեկչական գործողությունների անցկացում», որոնց նպատակն իրականում ցույցերի ճնշումն է։

Հարկ է նշել, որ ուկրաինական կողմը վերջին շրջանում իր ռազմական նշանակության օբյեկտների վրա հարձակումները համարում է «ՌԴ-ի սադրանքը» կամ էլ մեղադրում դրանցում ռուսաստանցանիներին դրանցում անմիջական մասնակցության համար: Ռուսական կողմը հերքում է նման տեղեկությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *