Տիգրան Սարգսյանը նշել է, թե $360 մլն ռազմական բյուջեն ինչ խնդիրներ կլուծի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նշել է, որ , Հայաստանի ռազմական բյուջեն կազմում է 140 մլրդ դրամ (շուրջ 360 մլն դոլար): Վարչապետն անդրադարձել է բանակում սկիզբ առած բարեփոխումներին. «Բանակում բարեփոխումների առաջին հատվածը պայմանավորված է կառուցվածքային փոփոխություններով, կազմակերպչական հարցերով, որը մեծ միջոցներ չի պահանջում: Երկրորդ մասն առավել ծախսատար է: Մենք պայմանագրային հիմքով կտրուկ ավելացնում ենք պրեֆեսիոնալ բանակի թվաքանակը, որը ենթադրում է աշխատավարձերի բարձրացում և զինծառայողների համար սոցիալական ծրագրերի իրականացում: Երրորդ մասը կապված է սպառազինության հետ: Այն ներառում է երկու ուղղություն՝ առաջինը սեփական զինարտադրություն, երկրորդը՝ արտասահմանից ժամանակակից սպառազինության ձեռքբերում: Վերոնշյալ բյուջեն կուղղվի այս երեք հարցերի իրագործմանը»:

Վարչապետը նշել է, որ Հայաստանը սեփական անօդաչուների արտադրություն սկսելու  նպատակ ունի, իսկ պատրաստի արտադրանք արդեն իսկ ունենք. «Մենք ներկայացրել ենք ականազերծ-ռոբոտները և անօդաչու ուղղաթիռները: Այս տարվա ընթացքում դրանք փորձարկում կանցնեն և եթե գոհացնեն՝ կներառվեն Հայաստանի և Ռուսաստանի սպառազինությունում»:

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այն նախ ընդգրկում է երկկողմանի խորհրդատվություն, փորձի փոխանակում, մեր զինծառայողների ուսուցում, ժամանակակից նախագծերում ներգրավվածություն, ինչպես նաև՝ խաղաղարարական գործողություններին մասնակացություն:

«Եթե համեմատելու լինենք ՀԱՊԿ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետ, ապա դա աննշան համագործակցություն է: Մենք ձգտում ենք լավ հարաբերություններ հաստատել ՆԱՏՕ-ի հետ, սակայն այդ համագործակցության հետ հեռահար նպատակներ չունենք:   Միայն այն հանգամանքը, որ Հայաստանի տարածքում կա ռուսական ռազմաբազա, իսկ 2010թ. մենք երկարացրել ենք դրա տեղակայման ժամկետը՝ վկայում է մեր ռազմական նախընտրության մասին»,- ասել է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *