ԱՄՆ-ն պարտավորվել է գաղտնազերծել այլ երկրներում անօդաչուների կիրառմամբ գործողությունների մանրամասները

Նյու Յորքի վճռաբեկ դատարանը պարտավորեցրել է ԱՄՆ արդարադատության նախարարությանը հրապարակել երկրի սահմաններից դուրս հակաահաբեկչական գործողություններում ԱՄՆ քաղաքացիների դեմ անօդաչու թռչող սարքերի կիրառմանը վերաբերող գաղտնի փաստաթղթերը։

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, դատական լսումները սկսվել են դեռևս 2011-ին, երբ Եմենում ավիահարվածի հետևանքով սպանվել էր «ալ Կաիդայի» տեղական ճյուղի առաջնորդներից մեկը՝ Անվար ալ-Ավլաքին, ով ԱՄՆ քաղաքացի էր։ Ավելի ուշ նույն կերպ մահացել էր ալ-Ավլաքիի որդին, որը ևս ԱՄՆ քաղաքացի էր։ Իրավաբանների մի մասը հակված է այն տեսակետին, որ մարտական գործողությունների գոտուց դուրս սեփական քաղաքացիների դեմ անօդաչուների օգտագործումն ԱՄՆ օրենքներից դուրս է։

Ուստի, ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը և Քաղաքացիական ազատության պաշտպանության ամերիկյան միությունը դիմել էին դատարան՝ պահանջելով այդ թվում ԱՄՆ նախագահական աշխատակազմից բացատրություններ ներկայացնել, թե իրավունքի ինչ նորմերով են առաջնորդվել ԱԹՍ-ների հարվածների միջոցով թեպետ և ահաբեկչության մեջ մեղադրվող ԱՄՆ քաղաքացիների ոչնչացման հրաման տալով։

Նկատենք, որ ԱՄՆ-ի զինուժի՝ երկրի սահմաններից դուրս, մասնավորապես՝ Եմենում և Պակիստանում, անօդաչուների օգտագործման հարցը վերջին շրջանում քննարկումների տեղիք է տվել։ ԱՄՆ-ի պատկան մարմիններին մեղադրում են անօդաչուների օգնությամբ գործողությունների իրականացման ժամանակ մեծ թվով խաղաղ բնակիչներին վնասելու համար։ Փետրվարի սկզբին ԱՄՆ զինուժը հայտարարել էր՝ ժամանակավորապես չի գործարկելու ԱԹՍ-ներ Պակիստանի տարածքում։

Այնուհանդերձ, նույնիսկ դադարն է կասկածելի, քանի որ ԱՄՆ-ն վկայել էր՝ եթե դադարի ժամկետներում հայտնի դառնա «ալ Կաիդայի» այս կամ այն զինյալի թաքստոցի մասին, ինչպես նաև պարզվի, որ զինյալները սպառնում են ԱՄՆ քաղաքացիներից որևէ մեկին, ապա ԱԹՍ-ից հարկադրված է լինելու հրթիռակոծել տեղանքը։

Հավելենք որ Պակիստանում ամերիկյան ԱԹՍ-ները պասիվ են 2013-ի դեկտեմբերից մինչ օրս։ 2013-ի նոյեմբերին ամերիկյան ստորաբաժանումները չեզոքացրել էին «Թալիբանի» տեղական ճյուղի առաջնորդ Հաքիմուլլա Մեհսուդին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *