Պայմանական թիրախների խոցում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռմբակոծիչների կատարմամբ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի 4 ռազմավարական ռմբակոծիչ 2014-ի ապրիլի 2-ին իրականացրել են հեռավոր թռիչք ու պայմանական թիրախների ռմբակոծում Խաղաղ օվկիանոսի ավազանում։ Երկուական B-52H և B-2 Spirit ռմբակոծիչներն անընդմեջ օդում են եղել շուրջ 20 ժամ
ու անցել մոտ 13 000 կմ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության մամուլի ծառայությունը։

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ

Թռիչք կատարելով ԱՄՆ Լուիզիանա և Միսուրի նահանգների ավիաբազաներից՝ ռմբակոծիչներն անցել են Խաղաղ օվկիանոսով ու չլիցքավորված ռումբերի ուսումնական նետում իրականացրել Հավայան կղզիների զորավարժարաններից մեկի վրա։ Պայմանական թիրախները հաջողությամբ խոցելուց հետո ռմբակոծիչները վերադարձել են Ամերիկա մայրցամաք՝ իրենց տեղակայման մշտական վայրերը։

Ուսումնական թռիչքն ու ռմբակոծությունը բավական ուշագրավ է մեկնաբանել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային 8-րդ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սքոթ Վանդեր Հեմը, ով նշել է, որ նման զորավարժությունները բավական կարևոր են, քանի որ ի ցույց են դնում երկրի ղեկավարությանն ու մեր դաշնակիցներին, որ մենք տիրապետում ենք անհրաժեշտ ինքնաթիռներին ու կարող ենք հարվածներ հասցնել այնտեղ, որտեղ լինի դրա անհրաժեշտությունը։

B-52H ռազմավարական ռմբակոծիչն ունի 5 հոգանոց անձնակազմ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 16 000 կմ է, առավելագույն արագությունը՝ 960 կմ/ժ։ Սպառազինությունում առկա ռումբերը կարող են համալրվել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային մարտական մասով։ ԱՄՆ ռազմաօդային ուժերում առկա է 85 միավոր B-52H ռմբակոծիչ։

B-2 Spirit (թարգմանաբար՝ ոգի) ռազմավարական ռմբակոծիչը նախատեսված է ռմբակոծության համար՝ հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի խիստ հակազդման պայմաններում։ Ռմբակոծիչի թռիչքի առավելագույն հեռավորությունը 18 500 կմ է, առավելագույն արագությունը՝ 1 010 կմ/ժ։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կազմում առկա է 20 միավոր B-2 Spirit ռմբակոծիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *