ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Ղրիմի ռազմական նշանակության ունեցվածքն Ուկրաինային հանձնելու որոշումը

Ռուսաստանը հաստատել է իր պատրաստակամությունն Ղրիմում մնացած ռազմական նշանակության ունեցվածքն Ուկրաինային հանձնելու առնչությամբ։

Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տռալով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը։

Նկատենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը բողոքի նոտա էր հղել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատանը։ Պատճառն Ուկրաինայում ընդունած օրենքն էր, որն ըստ էության կասեցնում էր ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայության ապահովումն Ուկրաինայի տարածքում։

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուկրաինական կողմին հանձնել Ղրիմի այն զորամասերին պատկանող ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որոնք ռուսական կողմին չեն սատարել։

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը մարտի 25-ին հրամանագիր էր ստորագրել, որը ենթադրում է Ուկրաինայի զինված ուժերի զորամասերի դուրսբերումը Ղրիմի ու Սևաստոպոլի տարածքից՝ այդպիսով հաստատելով Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի մարտի 23-ի որոշումը։

Հիշեցնենք նաև, որ այդ շրջանում աշխատանքային այցով Ղրիմում էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Նա փոխծովակալ Դենիս Բերեզովսկուն նշանակել էր Սևծովյան նավատորմի հրամանատարի տեղակալ, մինչդեռ Ալեքսանդր Տուրչինովի՝ մարտի 1-ի հրամանագրով Բերեզովսկին զբաղեցրել էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։

Ուկրաինական կենտրոնական իշխանություններն ի պատասխան Բերեզովսկու նման քայլին՝ նրա նկատմամբ «պետական դավաճանություն» հոդվածով քրեական գործ են հարուցել։
Հավելենք, որ մարտի 16-ին Ղրիմում կայացավ հանրաքվե, որի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում էր՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։
Մարտի 18-ին հայտարարություններին հետևեցին եվրոպական միջազգային կառույցների, ինչպես և ԱՄՆ-ի կոչերն ու սպառնալիքները ՌԴ պաշտոնյաների, նաև ռազմական, տնտեսական ու արդյունաբերական ընկերությունների դեմ ուղղված պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *