Հունաստանը ստացել է ԱՄՆ-ի նվիրած զրահափոխադրիչները

Հունաստանի զինված ուժերը ավարտել է ԱՄՆ-ի տրամադրած M113A2 սերիայի զրահամեքենաների ստացումը, որոնց թվում եղել են ինչպես զրահափոխադրիչներ, այնպես էլ հատուկ նշանակության մեքենաներ: Ամերիկյան զինված ուժերը 460 մեքենաները Հունսաստանին տրամադրել է անվճար, իսկ հունական կողմը պարտավորվել է վճարել դրանց տեղափոխման գումարը, ինչի համար ծախսել է շուրջ 5,5 մլն ամերիկյան դոլար: Այս մասին հայտնում է Ջեյնս ռազմական հանդեսը:

Ամերիկյան M113 զրահափոխադրիչը

Ամերիկյան M113 զրահափոխադրիչը

460 միավոր զրահատեխնիկայի մեջ եղել են M113A2 զրահափոխադրիչներ, M577A2 հրամանատարական մեքենաներ, M901A2 ինքնագնաց հրթիռային կայաններ, M106A2 ինքնագնաց ականանետներ ու M1059 ծխավարագույր ստեղծող մեքենաներ:

Բացի այս մեքենաներից, Հունաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ ամերիկյան կողմը մինչև 2014-ի ավարտը կտրամադրի նաև 320 միավոր Oshkosh զրահապատ մեքենաներ ու այլ զրահատեխնիկա:

Հունական զինված ուժերում այս զրահափոխադրիչները կփոխարինեն սպառազինության մեջ առկա M113A1 զրահափոխադրիչներին։ Իսկ վերջիններս կտրամադրվեն Հունաստանի ԶՈւ զրահատանկային ու հրետանային ստորաբաժանումներին։ Արդիականացումից հետո զրահափոխադրիչները կկիրառեն որպես հրամանատարական և այլ մեքենաներ:

Նշենք, որ ԱՄՆ-ն երկու անգամ է Հունաստանին նման գործարք առաջարկել։ 2013-ի մայիսին ու 2014-ի փետրվարին ԱՄՆ-ն որոշել էր Հունաստանին հանձնել M113 զրահամեքենաների մի քանի տարբերակներ: Սրա պատճառ կարող է լինել այն, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր զրահատեխնիկայի մի մասից։ Մասնավորապես ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով: Ու քանի որ զրահամեքենաների ոչնչացումը նույնպես ծախսեր է պահանջում ամերիկյան զինված ուժերից, ԱՄՆ-ն որոշել է դրանք նվիրել դաշնակից Հունաստանին:

1960-ին նախագծված ամերիկյան M113 զրահափոխադրիչները նախատեսված են դեսանտայինների տեղափոխման ու նրանց կրակային աջակցման համար։ Մեքենայի անձնակազմը 2 հոգի է, կարողանում է տեղափոխել 11 դեսանտային։ Թրթուռավոր զրահափոխադրիչի վրա տեղադրված է 12,7 մմ գնդացիր։ 215 ձիաուժանոց շարժիչով մեքենան կարողանում է զարգացնել մինչև 64 կմ/ժ արագություն։

Չնայած ավելի քան 50-ամյա պատմությանը՝ մեքենան շարունակում է մնալ աշխարհի ավելի քան 50 երկրների զինված ուժերի սպառազինության մեջ։

3 responses to “Հունաստանը ստացել է ԱՄՆ-ի նվիրած զրահափոխադրիչները

  1. Pingback: ԱՄՆ-ն հրաժարվել է Ադրբեջանին վաճառել Աֆղանստանից դուրս բերված ռազմական տեխնիկա | Ռազմ.info

  2. Pingback: Պակիստանը կարող է ամերիկյան զրահամեքենաներ ստանալ | Ռազմ.info

  3. Pingback: Քրդերի հետ բախումներից հետո Թուրքիան որոշել է արդիականացնել զրահամեքենաների պարկը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *