Հրապարակվել են Սիրիայի սպառազինության ԲՏՌ-80-ների լուսանկարները

Արաբական ֆորումներից մեկում տեղադրել են լուսանկարներ, որոնցում երևում է Սիրիայի կառավարական զորքերի ԲՏՌ-80 զրահափոխադրիչը, որի առկայությունը Սիրիայի զինված ուժերում հայտնի չի եղել նախկինում: Զրահափոխադրիչը լուսանկարել են Սիրիայի Լաթաքիա քաղաքում, որտեղով զրահափոխադրիչն անցնելիս է եղել շարասյան կազմում:

Պարզվում է, որ ԲՏՌ-80 զրահափոխադրիչը Սիրիայի զինված ուժերին էր տրամադրել Ռուսաստանը: Պատճառն այն է, որ քիմիական զենքի պաշարները երկրից արագ դուրս բերելու համար Սիրիային հավելյալ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ նաև բեռնատարներ ու զրահափոխադրիչներ էին անհրաժեշտ եղել, որպեսզի արագացվեր քիմիական զենքի դուրսբերումը երկրից: Զրահափոխադրիչները պիտի ուղեկցեին քիմիական զենքի պաշարները տեղափոխող շարասյուներն ու ապահովեին դրանց անվտանգությունը:

Ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանը, արձագանքելով Սիրիայի խնդրանքին, տրամադրել էր ոչ միայն քիմիական զենքի պաշարների տեղափոխման համար նախատեսված բեռնատարներ ու զրահափոխադրիչներ, այլև ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, որոնք իրենց հերթին պիտի պաշտպանեին այդ շարասյուները հեռակառավարվող պայթուցիկ նյութերից: Սիրիայի խնդրանքով սպառազինության մյուս մասն էլ տրամադրել էին ՄԱԿ-ն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը: Մի շարք երկրներ չէին կարողացել սպառազինությունը տրամադրել, քանի որ նախապես Սիրիային զենք չվաճառելու պատժամիջոցներ էին կիրառել:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Նախագծված լինելով 1980-ականների սկզբին՝ այն 2012 թվականի դրությամբ դեռ արտադրության մեջ էր: Զրահափոխադրիչն ունի 30-ից ավելի արդիականացված տարբերակ: Առկա է աշխարհի մոտ 40 երկրների սպառազինության մեջ:

Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Զինված է 14,5 մմ ԿՊՎՏ ու 7,62 մմ ՊԿՏ գնդացիրներով: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-80-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *