Քաթարը կարող է հեռավոր հայտնաբերման ինքնաթիռներ գնել

Քաթարի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունից հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման 3 միավոր B737-700IGW  ինքնաթիռ գնելու մտադրության մասին։ Դրանք կկառուցվեն Boeing 737 կոմերցիոն ինքնաթիռի հիման վրա։ Այս մասին հայտնում է Jane’s ռազմական հանդեսը։

Հեռավոր հայտնաբերման Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Ավստրալիայի ՌՕՈւ

Հեռավոր հայտնաբերման Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Ավստրալիայի ՌՕՈւ

Նախնական տվյալներով՝ գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 1.8 միլիարդ ամերիկյան դոլար։ Պայմանագրով նախատեսվում է ոչ միայն հեռավոր հայտնաբերման ինքնաթիռների մատակարարում, այլև դրանց անձնակազմի և սպասարկման համար անհրաժեշտ մասնագետների վերապատրաստում։ Այլ մանրամասներ, որոնց թվում նաև տեղեկություն մատակարարման ժամկետների վերաբերյալ, դեռևս հայտնի չեն։

Նշենք, որ գործարքը կնքելու դեպքում Քաթարը կդառնա աշխարհում չորրորդ պետությունը, որի ռազմաօդային ուժերն իր տրամադրության տակ ունի հեռավոր հայտնաբերման B737-700IGW ինքնաթիռ։ Մյուս երեք շահագործողներն են Ավստրալիան (6 միավոր), Հարավային Կորեան (4 միավոր) և Թուրքիան (դեռ 1 միավոր, ևս 3-ը սպասվում է)։

Boeing ընկերության արտադրած հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման B737-700IGW ինքնաթիռը կարող է զարգացնել 850 կմ/ժ արագություն։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը 6 500 կմ է։ Ինքնաթիռը կարող է հայտնաբերել օդային խոշոր թիրախները մինչև 600 կմ հեռավորության վրա և միաժամանակ ուղղորդել սեփական ռազմաօդային ուժերի մինչև 24 կործանիչի թռիչքը։

Հիշեցնենք, որ 2014-ի մարտի 27-ին Քաթարը հրապարակեց երկրի զինված ուժերի զարգացման և սպառազինության կատարելագործման պլանը, որի համար հատկացվելու է շուրջ 24 միլիարդ ամերիկյան դոլար: Արդեն հայտնի է Քաթարի՝ Airbus ընկերության արտադրած A330MRTT լիցքավորող ինքնաթիռներ ու եվրոպական NHIndustires կորպորացիայի արտադրած NH90 ռազմական ուղղաթիռներ գնելու մտադրության մասին։

One response to “Քաթարը կարող է հեռավոր հայտնաբերման ինքնաթիռներ գնել

  1. Pingback: Քաթարն ԱՄՆ-ի հետ կնքեց 11 միլիարդ դոլարանոց ռազմական պայմանագիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *