ՀՀ-ին սահմանամերձ շրջաններում Էրդողանը զիջել է դիրքերը. թուրքագետ

Ապրիլի 1-ին «Զորակն» գիտակրթական երիտասարդական հիմնադրամում կայացավ ասուլիս՝ Թուրքիայում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքի, արդյունքների, ինչպես և դրանց հիման վրա Հայաստանի համար հետևությունների թեմաների շուրջ։

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան։ Լուսանկարը՝ Razm.info-ի

Թուրքագետ Գևորգ Պետրոսյան։ Լուսանկարը՝ Razm.info-ի

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի խոսքերով՝ Թուրքիայում ՏԻՄ ընտրությունները յուրահատուկ թեստ էին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և իր կուսակցության համար ցույց տալու՝ արդյոք «մարսել են Գեզիի զբոսայգու դեպքերը, կոռուպցիոն հայտնի սկանդալը, ձայնագրությունները»։ Թեև պաշտոնական տվյալները դեռևս չեն հրապարակվել, սակայն նախնական պատկերից արդեն ակնհայտ է, որ այդ հարվածները փաստորեն մահացու չէին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար։

Ուստի Հայաստանը Թուրքիայի հետ իր տարվող քաղաքականությունը պետք է կառուցի՝ հաշվի առնելով ԱԶԿ-ի ազդեցությունը Թուրքիայում և Էրդողանի ներկայիս ամուր դիրքերը։
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 88.7 տոկոսը, այսիննք՝ 46,7 մլն մարդ։ Նրանցից 45.4 տոկոսն իր ձայնը տվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, 27.8 տոկոսը՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությանը, 15.2 տոկոսը՝ «Ազգայնական շարժում» կուսակցությանը, 6.4 տոկոսը՝ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությանը։

Հետաքրքիր է դիտարկել պատկերը Թուրքիայի 3 խոշոր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ Այսպես, Ստամբուլում ու Անկարայում հաղթել է ԱԶԿ-ն, իսկ Իզմիրում՝ ԺՀԿ-ն։

Թուրքագետն ուշադրություն է հրավիրել նաև Իգդիրի, Կարսի ու Արդահանի քվեարկության արդյունքներին, քանի որ դրանք անմիջապես սահմանակից են ՀՀ-ին։

Նա վկայել է, որ այս նահանգներում քվեարկությունն առավել թեժ է եղել, առաջատար կուսակցությունները գրեթե հավասար ձայներ են հավաքել։ Ավելին, ԱԶԿ-ն պարտվել է Իգդիրում՝ հավաքելով 10.1 տոկոս, հաղթել են քրդերը՝ 49.8 տոկոսով, երկրորդ տեղում եղել է «Ազգայնական շարժում» կուսակցությունը։ Կարսում հաղթանակ են տարել ազգայնականները, քրդերը հավաքել են ընդամենը 19.4 տոկոս, իսկ ահա Արդահանում պայքարը դասական էր. ԱԶԿ-ն հաղթել է 34.3 տոկոսով։

Ընդհանուր արդյունքները համեմատելով 2009-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ՝ կարելի է եզրակացնել, որ ԱԶԿ-ի ձայներն ավելացել են 7 տոկոսով, ԺՀԿ-ինը՝ 3-4 տոկոսով։

Ուշագրավ է նաև ընտրացուցակներում հայ թեկնածուների առկայությունը։ Թուրքագետը մանրամասնել է, որ նման քայլի նպատակն անշուշտ տեղաբնակ հայերի ձայների ապահովումն է։ Ստամբուլի Բաքըրքյոյ շրջանում, որտեղ շուրջ 20 հազար հայ ընտրող կա, հայ թեկնածուներ են առաջադրել բոլոր կուսակցությունները։

Հայ թեկնածուներ են եղել անգամ «Ազգայնական շարժում» կուսակցության ընտրացուցակում։ Դեռևս տեղեկություններ չկան ազգությամբ հայ թեկնածուի՝ շրջանաիին խորհուրդների կազմում ընտրվելու վերաբերյալ, այնուհանդերձ թուրքագետը դա հավանական է համարել՝ հաշվի առնելով, որ Բաքըրքյոյում «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել, իսկ նրա ցուցակներում կային հայեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *