Պենտագոնը կեռապատկի կիբերանվտանգության ոլորտի իր աշխատակիցների թիվը

ԱՄՆ պաշտպանության նախարությունը նախատեսում է մինչև 2016-ը երեք անգամ մեծացնել կիբերանվտանգության ոլորտի իր աշխատակիցների թիվը։ Նման հայտարարությամբ 2014-ի մարտի 28-ին ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության արդեն նախկին պետ, գեներալ Քիթ Ալեքսանդրի պաշտոնաթողության կապակցությամբ կազմակերպված հրաժեշտի միջոցառմանը հանդես է եկել պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։ Այս մասին հայտում է ամերիկյան PBS լրատվակայքը։

Պաշտպանության նախարարը կատարված աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել 2005-ից Ազգային անվտանգության գործակալության պետի և զինված ուժերի կիբերհրամանատարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող գեներալ Քիթին ու նշել, որ կիբեր ուժերի կատարելագործման ուղղությամբ գերատեսչությունը դեռ բավական մեծ անելիք ունի։

Հեյգելի խոսքերով, վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ միայն աճել է կիբերհարձակումների թիվը, այլև դրանք ձեռք են բերել ավելի ագրեսիվ բնույթ։ Ուստի հարկավոր է ավելացնել այդ հանցագործությունների կանխարգելման համար անհրաժեշտ ներուժը, ինչի նպատակով մինչև ընթացիկ տարվա վերջ Պենտագոնի կիբերանվտանգության մասնագետների թիվը կհասնի շուրջ 1 800-ի, իսկ մինչև 2016-ի վերջն այդ ցուցանիշը կդառնա 6 000։

Նշենք, որ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության և զինված ուժերի կիբերհրամանատարության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի փոխծովակալ Մայքլ Ռոջերսը, ով մինչ այդ ռազմածովային ուժերի կիբերհրամանատարության ղեկավարն էր ու պատասխանատու էր Խաղաղօվկիանոսյան նավատորմի հետախուզական գործողությունների համար։ Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Բարաք Օբաման և այժմ անհրաժեշտ է միայն Սենատի հաստատումը։

Հավելենք, որ վերջին շրջանում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը դժվարին ժամանակներ է ապրում, քանի որ հայտնվել է բազմաթիվ աղմկոտ սկանդալների կենտրոնում, ինչի պատճառը գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի՝ մամուլին պարբերաբար փոխանցվող գաղտնի փաստաթղթերն են։ Դրանցում բացահայտվում են ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատաոճը, ինչը հաճախ ոտնահարում է քաղաքացիների՝ անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։

Հավելենք նաև, որ ներկայումս Էդվարդ Սնոուդենը ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *