Քաթարը մտադիր է լիցքավորող ինքնաթիռներ գնել Airbus ընկերությունից

Քաթարի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը 2014-ի մարտի 27-ին հայտարարել է եվրոպական արտադրության լիցքավորող ինքնաթիռների գնման մտադրության մասին։ Դրանք հավանաբար կլինեն Airbus ավիաշինական ընկերության արտադրած A330MRTT լիցքավորող ինքնաթիռները։ Այս մասին հայտնում է Flightglobal ավիացիոն լրատվակայքը։

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

Airbus ընկերությունն արդեն ստացել է Քաթարի համապատասխան ծանուցագիր-հայտը, սակայն մինչ գործարքի իրականություն դառնալը կողմերի միջև դեռևս պետք է հստակեցվեն բազմաթիվ հարցեր, որոնց թվում մատակարարման ժամկետներն ու պայմանագրի արժեքը։ Հայտնի չէ նաև, թե քանի ինքնաթիռ է պատրաստվում գնել Քաթարը։

Նշենք, որ ներկայումս Քաթարի ռազմաօդային ուժերը լիցքավորող ինքնաթիռներ չունի ու եթե գործարքը կյանքի կոչվի, ապա այս երկիրը կդառնա թվով 7-րդը, որի ավիապարկում առկա է A330MRTT լիցքավորողը։

Հիշեցնենք նաև, որ 6 միավոր A330MRTT գնելու մտադրության մասին 2014-ի հունվարին հայտնել էր նաև Սինգապուրը, որը ցանկանում է փոխարինել դեռևս 1999-ից շահագործվող Boeing KC-135R Stratotanker լիցքավորող ինքնաթիռները։

Airbus ավիաշինական ընկերության A330-200 կոմերցիոն ինքնաթիռի հիման վրա կառուցված А330 MRTT լիցքավորող ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2007-ի հունիսի 15-ին։ Անձնակազմը բաղկացած է 2 օդաչուից և լիցքավորման 1 օպերատորից։ Ինքնաթիռի՝ վառելիքի լիցքավորման պաշարը 111 տոննա է, առավելագույն արագությունը՝ 880կմ/ժ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 14 800 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *