Հարավային Կորեան 60 կործանիչ է վարձակալելու

Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը մտադիր է լիզինգային պայմաններով 60 միավոր F-16 Fighting Falcon կործանիչներ վարձակալել։ Այս քայլով Հարավային Կորեայում փորձում են մարտունակ պահել իրենց ռազմաօդային ուժերը։

Խնդիրն այն է, որ Հարավային Կորեան աստիճանաբար սպառազինությունից հանում է 223 միավոր F-4 ու F-5 կործանիչները, որոնց ծառայության ժամկետն աստիճանաբար սպառվում է, իսկ hինգերորդ սերնդի F-35 Lightning II կործանիչները գնելն ու սեփական  KF-X կործանիչի պատրաստումը՝ ուշանում։ F-16 կործանիչներն, այսպիսով Հարավային Կորեայի զինված ուժերում կծառայեն այնքան ժամանակ, մինչև ռազմաօդային ուժերին կհանձնվեն ամերիկյան արտադրության նոր կործանիչները։ Ենթադրվում է, որ լիզինգի պայմանագիրը Հարավային Կորեան նույնպես կկնքի ԱՄՆ-ի հետ։

F-16 Fighting Falcon կործանիչը

F-16 Fighting Falcon կործանիչը

Հիշեցնենք, որ Հարավային Կորեան 60 միավոր նոր կործանիչներ գնելու մրցույթ էր հայտարարել դեռևս 2011-ին։ Հարավային Կորեայի պաշտպանական գնումների գործակալությունը (DAPA) մտադիր էր 60 կործանիչներ գնելու համար ծախսել 7.5 մլրդ ԱՄՆ դոլար։ 2013-ի հունիսին F-X III կործանիչների մրցույթին մասնակցում էին ամերիկյան Lockheed Martin ու Boeing ընկերությունները, ինչպես նաև Eurofighter կոնսորցիումը։

Այս ձեռնարկությունները համապատասխանաբար առաջարկում էին F-35 Lightning II, F-15 Silent Eagle (F-15SE) և Typhoon կործանիչները։ Սակայն այս առաջարկները չէին գոհացրել Հարավային Կորեային, ինչի արդյունքում կործանիչներից ոչ մեկը չընտրվեց։

Հետագայում Հարավային Կորեան նոր մրցույթ հայտարարեց, որում հաղթող ճանաչվեց F-35 Lightning II կործանիչը, սակայն այս կործանիչների բարձր գնի պատճառով հարավկորեական զինված ուժերը ստիպված էին նախատեսված 60 կործանիչի փոխարեն գնել ընդամենը 40-ը։ Բացի այդ նոր մրցույթ հայտարարելու պատճառով հետաձգվեց նաև կործանիչների տրամադրումը, որը կսկսվի 2018-ին։

Ամերիկյան արտադրության հանրահայտ F-16 կործանիչն իր առաջին թռիչքը կատարել է 1974-ին։ Մինչ օրս արտադրվել է այս կործանիչների ավելի քան 4 500 միավոր, այն շահագործվում է աշխարհի 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Անձնակազմը բաղկացած է մեկ հոգուց, ինքնաթիռի առավելագույն արագությունը 2 120 կմ/ժ է։ Այն սպառազինությունում ունի օդ-օդ և օդ-մակերևույթ դասի հրթիռներ, հականավային հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *