ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգը համալրվել է ևս մեկ արբանյակով

Ռուսաստանի Արխանգելսկի շրջանի Պլեսեցկ տիեզերակայանում 2014-ի մարտի 24-ին կայացել է Սոյուզ 2.1բ (ռուս.՝ Союз 2.1б) արբանյակակրի արձակումը, որը ուղեծիր է դուրսբերել ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի ԳԼՈՆԱՍՍ-Մ արբանյակը։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի արբանյակի ցուցապատկեր

ԳԼՈՆԱՍՍ նավիգացիոն համակարգի արբանյակի ցուցապատկեր

Ինչպես հայտնել է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական պաշտպանության զորքերի ներկայացուցիչ գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը, արբանյակի կառավարումն արդեն հանձնել են զորատեսակին։ Նա հավելել է, որ ԳԼՈՆԱՍՍ-Մ-ի բոլոր բորտ համակարգերը գործում են անխափան։

ԳԼՈՆԱՍՍ արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան GPS համակարգի ռուսաստանյան անալոգն է։ Նավիգացիոն համակարգերը լայնորեն օգտագործվում են ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական կարիքների համար, ուստի բնական է, որ Ռուսաստանն իր զինված ուժերի նավիգացիոն կարիքների բավարարումը չէր կարող իրականացնել GPS (Global Positioning System) համակարգի միջոցով։ Այստեղից ծագեց նավիգացիոն սեփական ենթակառուցվածքի ստեղծման անհրաժեշտություն, ինչն էլ իրագործվեց ԳԼՈՆԱՍՍ-ի (ռուս.՝ ГЛОНАСС: Глобальная навигационная спутниковая система) շնորհիվ:

Ներկայումս ուղեծրում առկա է ԳԼՈՆԱՍՍ համակարգի աշխատանքն ապահովող ընդհանուր առմամբ 29 արբանյակ, որոնցից 24-ն ապահովում են մշտական ծածկույթը երկրագնդի ողջ մակերեսում, 3-ը ծառայում են որպես ռեզերվ, իսկ մյուս 2-ը` որոնցից մեկը հենց մարտի 24-ին արձակված արբանյակն է, փորձնական շահագործման փուլում են։ Հարկ է նկատել, որ ամերիկյան GPS համակարգի աշխատանքն ապահովող արբանյակների ընդհանուր թիվը 65 է։

Նշենք, որ ՌԴ ԶՈւ օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ 2014-ին նախատեսվում է ուղեծիր դուրսբերել ԳԼՈՆԱՍՍ համակարգի 3 արբանյակ։

Հավելենք նաև, որ ԱՄՆ-ից և Ռուսաստանից բացի, արբանյակային նավիգացիոն սեփական համարգը փորձում է զարգացնել նաև Չինաստանը։ ԲեիԴոու անվանումը ստացած չինական նավիգացիոն համակարգի աշխատանքն առայժմ ապահովում է թվով 16 արբանյակ, ինչից էլ հետևում է, որ ամբողջական ծածկույթ համակարգն ապահովել դեռևս չի կարող։ Նման ծածկույթ Չինաստանը նախատեսում է ունենալ միայն 2020-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *