Իտալիայում ներկայացվել է Իսրայելի համար նախատեսված M-346 ինքնաթիռը

Իտալական Alenia Aermacchi ընկերությունը ներկայացրել է M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռը, որը նախատեսված է Իսրայելի ռազմաօդային ուժերի համար։

Պայմանագրով նախատեսված առաջին ինքնաթիռը հավաքել են իտալական Վենեգոնո քաղաքում, որտեղ էլ մարտի 20-ին այն ներկայացվել է, տեղեկացնում է Ջեյնս ռազմական հանդեսը։

M-346

M-346

Ընդհանուր առմամբ, Իսրայելը պատվիրել է 30 միավոր M-346 ինքնաթիռ, որոնք ստացել են Lavi (Լավի, թարգմանաբար՝ առյուծ) անվանումը։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է 2012-ի կեսերին, իսկ գործարքի արժեքը կազմել է 600 մլն ամերիկյան դոլար։ Պայմանագրով իտալական կողմն էլ պարտավորվել է Իսրայելից նույն արժեքի չափով սարքեր, մասեր և տեխնիկա գնել։

M-346 ինքնաթիռներով նախատեսվում է փոխարինել Իսրայելի ռազմաօդային ուժերի Douglas TA4 Skyhawk ինքնաթիռները։

Alenia Aermacchi (Ալենիա Աերմակի) ընկերության M-346 Master ուսումնամարտական ինքնաթիռի առավելագույն արագությունն է 1050 կմ/ժ, իսկ թռիչքի հեռավորությունը՝ 1900 կմ։ Ունի 9 կախման կետ՝ մինչև 3 տոննա սպառազինության համար։ Առաջին թռիչքը կատարել է 2004 թվականին։

M-346 ինքնաթիռներ ունեն Իտալիայի և Սինգապուրի ռազմաօդային ուժերը։

M-346-ի ստեղծման աշխատանքներին մասնակցել է նաև ռուսաստանյան Յակովլևի գործարանը (Յակ-130 ինքնաթիռի լուծումներով), որը, սակայն, ընթացքում դուրս է եկել նախագծից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *