ԱՄՆ-ում նախագծում են նոր սերնդի հականավային հրթիռներ

ԱՄՆ-ում  շարունակվում են մեծ հեռահարության հականավային նոր սերնդի հրթիռների նախագծման աշխատանքները, որոնց հիմքում դրված են դրանց աննկատության բարձր աստիճանն ու հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերից խուսանավելու ունակությունը։ Այս մասին հաղորդում է Militaryaerospace ռազմական լրատվակայքը։

Պենտագոնը հրթիռների նախագծումը պատվիրել էր դեռ 2009-ին՝ Lockheed Martin ընկերությանը, որի հետ կնքած պայմանագիրը նախատեսում էր շուրջ 175 միլիոն ամերիկյան դոլարի հատկացում։ Նախագծման աշխատանքների վերջնական ավարտի համար նախնական հաշվարկներով կպահանջվի ևս 60 ամիս ու հավելյալ 132 միլիոն դոլար։

Հեռահար նոր հրթիռի նախագծմանը զուգահեռ իրականացվում է նաև այս դասին պատկանող ու արդեն շահագործման ընդունված հրթիռների մեծաքանակ գնումներ։ 2014-ի մարտին այդ նպատակով ԱՄՆ կառավարությունը հատկացրել է 353 միլիոն դոլար՝ թվով 224 հրթիռի ձեռքբերման համար։ Դրանք համալրելու են B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների, ինչպես նաև F/A-18 կործանիչների սպառազինությունը։

Հավելենք, որ նախագծման փուլում գտնվող հականավային նոր հրթիռներն օժտվելու են տեխնոլոգիական և կառուցվածքային մի շարք նորարարություններով։ Դրանց շնորհիվ հրթիռները հակառակորդի պաշտպանական համակարգերի համար կլինեն գրեթե անորսալի, իսկ ավելի խնայող շարժիչի ու վառելիքի տարրաների մեծացման շնորհիվ կավելանա հրթիռի թռիչքի առավելագույն հեռավորությունը, որը կկազմի շուրջ 1 000 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *