Eurofighter Typhoon կործանիչները կարող են համալրվել նոր ռադարներով

2014-ի մարտի 18-ին կայացել է նոր ռադարով օժտված Eurofighter Typhoon կործանիչի փորձնական առաջին թռիչքը։ Փորձարկումների հաջող ավարտի դեպքում նախատեսվում է Captor-E ռադարները կործանիչների վրա տեղադրել արդեն հիմնական սկզբունքով։ Այս մասին հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

ուցապատկեր. Captor-E ռադարը տեղադրված Eurofighter Typhoon կործանիչի վրա

Ցուցապատկեր. Captor-E ռադարը տեղադրված Eurofighter Typhoon կործանիչի վրա

Captor-E ռադարներն արտադրող Selex ընկերությունում պնդում են, որ փորձարկումների հաջող արդյունք ստանալու դեպքում իրենք կփորձեն համաձայնության գալ Eurofighter Typhoon կործանիչների համատեղ արտադրությունն իրականացնող պետությունների հետ (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Իտալիա և Գերմանիա), որպեսզի վերջին շրջանում առանց այդ էլ արտահանման դժվարություններ ունեցող կործանիչների վրա տեղադրվի իրենց առաջարկած ռադարը։ Ընկերությունում կարծում են, որ դա նոր շունչ կհաղորդի կործանիչներին։

Նշենք, որ առաջարկվող Captor-E ռադարի առավելությունների թվում նշվում են մի շարք գործոններ, որոնցից գլխավորը ռադարի շարժական լինելն է, ինչի շնորհիվ մեծանում է թիրախների հայտնաբերման հեռավորությունն ու անկյունը։ Շարժական ռադարի բացակայությունը մեծ անհարմարությունների պատճառ է, օրինակ, ֆրանսիական Rafale կործանիչների համար։ Վերջիններիս կառուցվածքը թույլ չի տալիս տեղադրել շարժական ռադարներ, քանի որ դրանք իրենց չափերով ավելի մեծ են, քան սովորական ռադարները։

Առայժմ հայտնի չէ՝ անկախ փորձարկման արդյունքներից, արդյո՞ք Captor-E ռադարները կիրառություն կգտնեն Eurofighter Typhoon կործանիչների վրա: Նշենք միայն, որ Selex ընկերությունում վստահ են՝ իրենց արտադրանքը շուկայում միանշանակ կլինի ավելի մրցունակ։

Հավելենք, որ Selex ընկերությունը 2012-ից ի վեր ռադարների սահմանափակ խմբաքանակի մատակարարման պայմանագրեր է կնքել Gripen կործանիչներն արտադրող Saab, ինչպես նաև արտասահմանյան մի քանի այլ ընկերությունների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *