Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություն է անցկացնելու Օմանի հետ

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին իրանական Նոշահր քաղաքի ՌԾՈւ գիտատեխնիկական ձեռքբերումների ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Օմանի հետ սպասվելիք զորավարժության մասին։

Ինչպես հաղորդում է իրանական ISNA լրատվական գործակալությունը, Իրանի ՌԾՈւ հրամանատարի խոսքերով՝ իրենք պատրաստվում են ուժեղացնել Իրանի ներկայությունը միջազգային ջրերում։ Այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Իրանի նավատորմի 30-րդ նավատորմիղին նավարկության ուղարկել Աֆրիկյան մայրցամաքի շուրջ։ Նավարկությունը մեկնարկելու է իրանական տարվա սկզբին՝ մարտի 21-ին։

Նավարկության ընթացքում, համաձայն աղբյուրի, Իրանի ՌԾՈւ 30-րդ նավատորմիղը համատեղ վարժանքներ է իրականացնելու Օմանի ռազմածովային ուժերի հետ։ Դրանք մեկնարկելու են ապրիլի 7-ին, դրանց ընթացքում անցկացվելու են փրկարարական գործողություններ։

Նկատենք, որ վերջին շրջանում Իրանը և Օմանը փորձում են զարգացնել համագործակցությունը տնտեսական բնագավառում։ Մարտի 12-ին Օման էր ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։ Այցի ընթացքում՝ մարտի 13-ին, Իրանի և Օմանի միջև կնքվել է պայմանագիր։ Ըստ դրա՝ Իրանը պարտավորվում է տարեկան 10 մլրդ մ³ գազով ապահովել Օմանին, որի համար էլ երկու երկրները համատեղ գազամուղ են կառուցելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *