Ֆրանսիայի օդուժի A400M ինքնաթիռն իր առաջին տրանսատլանտյան թռիչքն է կատարել

Ֆրանսիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի A400M ռազմական բեռնատար ինքնաթիռը 2014-ի մարտի 10-ին առաջին անգամ կատարել է թռիչք Ատլանտյան օվկիանոսի վրայով։

Ֆրանսիայի ԶՈՒ Airbus A400M ինքնաթիռը

Ֆրանսիայի ԶՈՒ Airbus A400M ինքնաթիռը

Ինչպես հաղորդում է  Defense Aerospace ռազմական կայքը, ինքնաթիռը թռիչք է կատարել Ֆրանսիայի Օրլեան քաղաքի 123-րդ ավիակայանից՝ վայրէջք կատարելով Կաբո-Վերդեում։ Որոշ ժամանակ անց շարունակել է թռիչքը՝ հասնելով իր կայանման վերջին նշանակետ՝ Ֆրանսիային պատկանող Մարտինիկի շրջանի Ֆորտ-դե-Ֆրանս։ Թռիչքն ընդհանուր առմամբ տևել է 12 ժամ։

Նկատենք, որ ըստ աղբյուրի՝ թռիչքի ողջ ընթացքում ինքնաթիռը կրել է շուրջ 2 տոննա կշռող բեռ, ինչպես նաև AS550 Fennec բազմանպատակային ուղղաթիռը։ Հետադարձ թռիչքն իրականացվել է առանց կայանումների՝ տևելով մոտ 9 ժամ։

Եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն ունակ է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն՝ թռիչքներ կատարելով մինչև 9.3 հազար կմ հեռավորության վրա։

A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը մեկնարկել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009-ին, իսկ օդում վերալիցքավորվելու առաջին փորձարկումները՝ 2013-ի դեկտեմբերին։ Մեկ միավորի մոտավոր արժեքը կազմում է 136 մլն եվրո (շուրջ 188 մլն 81 հազար ԱՄՆ դոլար)։

Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ ակնկալում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M:

Հավելենք, որ Թուրքիայի և Airbus Group ընկերության միջև 2014-ի փետրվարին  խնդիրներ էին ծագել  թուրքական օդուժի համար նախատեսված առաջին A400M ինքնաթիռի հանձնման և ընդունման առնչությամբ։

Թուրքական կողմը ձգձգում էր ինքնաթիռի ընդունման գործընթացը, իսկ եվրոպական կոնցերն իր հերթին պնդում է, թե այն լիովին պատրաստ է, իսկ Անկարայի դիրքորոշումն անընդունելի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *