Ռուսաստանը հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռ է ուղարկել Բելառուս

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռներից մեկը փոխել է իր տեղակայման մշտական վայրն ու այժմ Բելառուսի Բարանովիչի ավիաբազայում է։ Այս մասին հայտնում է ռուսաստանյանՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը՝ հղում անելով Բելառուսի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։

Հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Բելառուսի պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ Ա-50 (ռուս.՝ А-50) ինքնաթիռի տեղակայման վայրի փոփոխությունն արվել է տարածաշրջանային միասնական ՀՕՊ (հակաօդային պաշտպանություն) համակարգի մարտական պատրաստության աստիճանի ստուգման նպատակով իրականացվող միջոցառումների երկրորդ փուլի շրջանակներում։

Բելառուսի պաշտպանության նախարարությունում նշել են, որ հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման ինքնաթիռը զգալիորեն կմեծացնի ռադիոտեղորոշիչ հետախուզության հնարավորությունները, ինչն էլ իր հերթին ավելի դյուրին կդարձնի սեփական կործանիչների ուղղորդումը հավանական հակառակորդի օդային և ցամաքային թիրախներին։

Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի մարտի սկզբին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել ավելացնել Ռուսաստանի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ներկայությունը Բելառուսում՝ կապված Մերձբալթյան երկրներում պարեկություն իրականացնող ՆԱՏՕ-ական օդուժի ավելացման հետ։ Դրան հաջորդեց Ռուսաստանի ՌՕՈւ 6 միավոր Սու-27 (ռուս.՝ Су-27) կործանիչների փոխադրումը Բելառուս։

Հավելենք նաև, որ Իլ-76 (ռուս.՝ Ил-76) բեռնատար ինքնաթիռի հիման վրա կառուցված հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման Ա-50 ինքնաթիռը նախատեսված է հակառակորդի ցամաքային և օդային թիրախների, ինչպես նաև թևավոր ու բալիստիկ հրթիռների հայտնաբերման համար։ Կախված թիրախների տեսակից՝ Ա-50-ը դրանք կարող է տեսնել մինչև 800 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *