Ամերիկյան հերթական ավիաբազան ստացել է իր առաջին F-35 կործանիչը

Lockheed Martin ընկերության արտադրած հինգերորդ սերնդի F-35 կործանիչի առաջին նմուշներից մեկը 2014-ի մարտի 11-ին ժամանել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի Լյուք ավիաբազա, իսկ մարտի 14-ին այդ կապակցությմաբ ավիաբազայում կայացել է հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնի է դարձել Lockheed Martin ընկերության տարածածմամուլի հաղորդագրությունից։

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ. ԱՄՆ ՌՕՈւ

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչ. ԱՄՆ ՌՕՈւ

 

Լյուք (անգլ.՝ Luke) ավիաբազայում նախատեսվում է հիմնել F-35 կործանիչի օդաչուների ուսումնական կենտրոն, որտեղ վերապատրաստում կանցնեն այն երկրների ռազմաօդային ուժերի օդաչուները, որոնք իրենց սպառազինությունում նախատեսում են ունենալ հինգերորդ սերնդի այս կործանիչը։

Հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած իր ելույթում ԱՄՆ ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) ուսումնավարժական հրամանատարության պետ, գեներալ Ռոբին Ռենդը նշել է, որ կործանիչն ունի մարտավարատեխնիկական աննախադեպ բնութագրեր, ինչը հնարավորություն կտա ԱՄՆ-ին և իր դաշնակիցներին օդային գերակայության հասնել իրենց հակառակորդների նկատմամբ։ Գեներալ Ռենդը հավելել է, որ նախատեսվում է ԱՄՆ բանակի ավիապարկում առկա A-10, F-16, F/A-18 և AV-8B ինքնաթիռներն ամբողջությամբ փոխարինել հինգերորդ սերնդի F-35 կործանիչներով։

Ընդհանուր առմամբ, մինչ օրս ԱՄՆ ռազմաօդային ուժերի շահագործմանն է հանձնվել 35 միավոր F-35 կործանիչ, որոնք տեղակայված են թվով 8 ավիաբազաներում։ Ինչ վերաբերում է Լյուք ավիաբազային, ապա մատակարարումների ավարտին այն իր կազմում կունենա թվով 144 F-35 կործանիչ։

Հիշեցնենք սակայն, որ չնայած այս կործանիչի շուրջ առկա դրական մեծ հնչեղությանը, ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս տեխնիկական լուրջ թերություններ։ Դրանցից վերջինի մասին հայտնի դարձավ 2014-ի մարտին, երբ կործանիչի շարժիչի բաղկացուցիչներից մեկում հայտնաբերվեց կառուցվածքային թերություն։ Արդյունքում առաջացավ կործանիչի՝ F-35B մոդիֆիկացիայի շարժիչի վերանախագծման անհրաժեշտություն։

Հավելենք, որ F-35 կործանիչի սահմանափակ քանակությամբ նախնական պատվերներ արդեն ներկայացրել են Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու մի քանի այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *