Ռուսաստանցի զինծառայողներին 24 ժամ են տվել Կանադան լքելու համար

Կանադայի իշխանությունները երկրում ռազմակրթական նպատակներով ծառայություն անցնող ռուսաստանցի բոլոր 9 զինծառայողներին տվել են 24 ժամ՝ Կանադայից հեռանալու համար։ Նման քայլի պատճառը ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումն է Ուկրաինայի հարցում և Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու որոշումը։

Ղրիմ՝ ՌԴ և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները զորամասի պարսպի հակառակ կողմերում

Ինչպես հաղորդում է կանադական CTV հեռուստաընկերությունը, հղում տալով պաշտոնական աղբյուրներին, ռուսաստանցի 9 զինծառայողներից 6-ն անգլերեն և ֆրանսերեն են ուսանում Քվեբեկ նահանգում, 1-ը կանադացի ծառայակիցներին ռուսերեն է դասավանդում, իսկ մյուս 2-ը վերապատրաստում են անցնում Նյու Բրանսուիք նահանգի Գեյջթաուն ռազմակայանում։

Ռուսական կողմը դեռևս չի արձագանքել այս որոշմանը։

Նկատենք, որ Կանադան բացահայտ դժգոհություններ է հայտնել Ուկրաինայում ՌԴ ԶՈւ զինծառայողների առկայության կապակցությամբ շատ ավելի վաղ։ Մարտի 4-ին հայտնի է դարձել, որ Կանադան որոշում է ընդունել կասեցնել ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Սառեցվել են երկկողմ ռազմատեխնիկական, ռազմակրթական և առհասարակ ռազմական ոլորտին առնչվող բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել էին Ռուսաստանի և Կանադայի պաշտպանության նախարարությունների միջև։

Հավելենք նաև, որ Ուկրաինայում լարված ներքաղաքական իրավիճակը շարունակվում է։ Մարտի 6-ին Ղրիմի ինքնահռչակ խորհրդարանը որոշում է ընդունել և դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով սկսել գործընթաց, որը ենթադրում է Ղրիմի ընդգրկումը Ռուսաստանի Դաշնության կազմում՝ որպես այդ դաշնության վարչական միավոր։ Այնուհանդերձ, թե ինչ կարգավիճակով է Ղրիմը ցանկանում ՌԴ-ի մաս կազմել, դեռևս անհայտ է, դա պարզելու համար անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե, որն էլ կկայանա մարտի 16-ին։

ՌԴ Պետական դուման (խորհրդարանը) պատրաստակամություն է հայտնել քննարկելու Ղրիմի՝ ՌԴ-ին միանալու որոշումը։ Ինչպես ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է պատգամավոր Սերգեյ Միրոնովը, քննարկումը չի հետաձգվի, այն հնարավոր է կայանա հաջորդ շաբաթվա ընթացքում՝ հավելելով, որ Ղրիմի իշխանություններն այդ քայլով ցանկանում են «վերականգնել պատմական արդարությունը»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի կենտրոնական իշխանություններին, ապա վերջիններս հայտարարել են՝ կտրականապես չեն ընդունում Ղրիմի ինքնահռչակ կառավարությունն ու սպասվելիք հանրաքվեի արդյունքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *