Բոինգ ընկերությունը հայտարարել է ծովային պարեկության նոր ինքնաթիռի հաջող փորձարկման մասին

Բոինգ ավիաշինական ընկերությունը հայտնել է ծովային պարեկության համար նախատեսված ինքնաթիռի առաջին հաջող թռիչքի մասին։ Պարեկային նոր ինքնաթիռը կառուցվել է Bombardier Challenger 604 կոմերցիոն օդանավի հիման վրա։ Այս մասին հաղորդում է Բոինգ ընկերության մամուլի կենտրոնը։

Bombardier Challenger 604 կոմերցիոն ինքնաթիռը

Ինքնաթիռը նախատեսված է ծովային պարեկության, որոնողափրկարարական աշխատանքների, ծովահենության դեմ պայքարի և ծովային պետական սահմանների հսկման համար։ 2014-ի փետրվարի 28-ին կայացած և 4 ժամ տևած առաջին փորձնական թռիչքն ունեցել է բարեհաջող ավարտ։ Թռիչքի ընթացքում ինքնաթիռի բոլոր սարքավորումներն ու բաղկացուցիչները պատշաճ կատարել են գործառույթները, որոնց համար դրանք նախատեսված են։

Ընկերությունում հայտնում են նաև, որ պարեկային նոր ինքնաթիռը համալրվելու է MSA (ծովային հետախուզության) համակարգով, որը տեղադրված է նաև այս ընկերության արտադրած P-8A Poseidon ծովային հետախուզության ինքնաթիռի վրա։ MSA համակարգի տեղադրման արդյունքում պարեկային նոր ինքնաթիռը կօժտվի տեղորոշիչով, օպտիկա-էլեկտրոնային սենսորներով, ռադիոտեխնիկական հետախուզության և այլ համակարգերով, ինչը թույլ կտա ինքնաթիռին պարեկության ընթացքում մեծ արդյունավետությամբ հայտնաբերել օբյեկտներն ու թիրախները։

Նշենք, որ ավիաշինական Բոինք ընկերությունը կոմերցիոն օդանավերի արտադրությունից բացի, տալիս է նաև մեծ ծավալների ռազմական նշանակության արտադրանք՝ որոնց թվում լիցքավորող ինքնաթիռներ, ռադիոտեխնիկական հետախուզության և ռադիոտեղորոշման օդային համալիրներ, ծովային հետախուզության և հակասուզանավային պայքարի ինքնաթիռներ։ Դրանք գրեթե բոլորը կառուցվում են ընկերության արտադրած կոմերցիոն օդանավերի հիման վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *