Բոինգ ընկերությունը կստեղծի գերպաշտպանված սմարթֆոն՝ զինված ուժերի կարիքների համար

Ամերիկյան Բոինգ ընկերությունը դիմել է ԱՄՆ կապի դաշնային հանձնաժողովին և տեղեկացրել իր կողմից նախագծվող հատուկ սմարթֆոնի ստեղծման մտադրության մասին։ Ինչպես ընկերությունում են հայտնում, սմարթֆոններն ունենալու են պաշտպանվածության աննախադեպ բարձր աստիճան ու ըստ այդմ, կարող են լայնորեն կիրառվել պաշտպանական և անվտանգության համակարգերում։ Այս մասին տեղեկությունը տեղադրվել է ընկերության պաշտոնական կայքում։

Boeing Black սմարթֆոնի նախատիպը

Boeing Black սմարթֆոնի նախատիպը

 

Հրապարակվել են նաև նախնական տեղեկություններ Boeing Black անվանումը կրող սմարթֆոնի տեխնիկական տվյալների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ այն աշխատելու է Android օպերացիոն համակարգով, ունենալու է տարբեր սարքավորումների հետ փոխկապակցված աշխատանքի հնարավորություն, ինչի արդյունքում սմարթֆոնին կարելի է միացնել կենսաչափական սենսորներ, GPS նավիգացիոն համակարգի լրացուցիչ տարրեր և տեխնիկական այլ հավելումներ

Նշվում է նաև, որ սմարթֆոնի միջոցով փոխանակվող ցանկացած տեղեկատվություն ենթարկվում է հատուկ ծածկագրման, ինչը զգալիորեն կրճատելու է անցանկալի արտահոսքի ռիսկերը։ Դեռևս բարդ է ասել, թե նախագծվող սմարթֆոնը որքանով կհետաքրքրի որևէ երկրի ուժային կառույցներին, քանի որ դրա առաջին նմուշը պատրաստ կլինի միայն 3 տարի անց։

Նշենք, որ նման արտադրանքով հանդես գալու համար աերոտիեզերական արտադրաճյուղի հսկա հանդիսացող Boeing ընկերությունը գնել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ և հենց դրանց միջոցով էլ իրականացնում է Boeing Black-ի նախագծումը։

Հավելենք նաև, որ սմարթֆոններն աստիճանաբար ավելի շատ են կիրառվում տարբեր երկրների՝ այդ թվում նաև ԱՄՆ-ի զինված ուժերում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է զորատեսակի կարիքները հոգալու համար օգտագործվող BlackBerry սմարթֆոնները փոխարինել Apple ընկերության արտադրանքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *