Նորվեգիան ստացել է CV9030 հետևակի մարտական մեքենաների առաջին տարբերակը

Բրիանական BAE systems ռազմարդյունաբերական ընկերության՝ Շվեդիայում տեղկայաված մասնաճյուղը Նորվեգիայի զինված ուժերին է հանձնել CV9030 հետևակի մարտական մեքենայի նոր արդիականացման 2 նախատիպերից առաջինը։

Նորվեգական զինված ուժերի CV9030 հետևակի մարտական մեքենան Աֆղանստանում

Նորվեգական զինված ուժերի CV9030 հետևակի մարտական մեքենան Աֆղանստանում

Մեքենան կփորձարկեն Նորվեգիայում, ու միայն դրանից հետո, ըստ Ջեյնս ռազմական հանդեսի, արտադրող ընկերությունը 2015-ին կսկսի հետևակի մարտական մեքենաների հիմնական խմբաքանակի արտադրությունը։ Տրամադրվելիք մեքենաների քանակը 144 է, որի համար Նորվեգիան պարտավորվել է վճարել 750 մլն ամերիկյան դոլար։ Մեքենաների արտադրությունն ընկերությունը կավարտի 2017-ի ընթացքում, իսկ բոլոր մեքենաները Նորվեգիայի զինված ուժերին կհասնեն 2018-ին։

Նոր արդիականացման համար հաշվի են առել հետևակի մարտական մեքենաների կիրառությունն Աֆղանստանում։ Այնտեղ Շվեդիայի, Դանիայի ու Նորվեգիայի զինվորականներն օգտագործել են մեքենայի նախորդ տարբերակը, որի հիմքի վրա էլ ստեղծվել է արդիականացումը։

Նախորդի համեմատությամբ՝ նոր մեքենայի վրա բարձրացվել է պաշտպանվածության մակարդակն ինչպես ականներից ու պայթուցիկ սարքերից, այնպես էլ հրազենից։ Մեքենայի վրա տեղադրված են նաև տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս նրա շուրջբոլորը։

Նորվեգիայի պատվիրած 144 հետևակի մարտական մեքենաներից 74-ը հատուկ նշանակության են, 21-ը՝ հետախուզական են, 15-ը՝ հրամանատարաշտաբային, 16-ը՝ ինժեներական, 16-ը՝ բազմանպատակային, իսկ մնացած 2 մեքենաները նախատեսված են վարորդների պատրաստման համար, նրանց խցիկները տարբերվում են սովորականներից։ Խմբաքանակի մեջ մտնող բազմանպատակային մեքենաները հնարավոր կլինի հարմարեցնել տարբեր նպատակների ու օգտագործել նաև որպես նյութատեխնիկական սպասարկման մեքենաներ կամ շասսիներ՝ ինքնագնաց ականանետների համար։

Արդիականացումները զինված են 30 մմ թնդանոթներով ու 7,62 մմ գնդացիրներով, որոնցից բացի՝ մեքենաների աշտարակների վրա տեղադրվելու են նաև նորվեգական արտադրության հեռակառավարվող մարտական հանգույցներ՝ 12,7 մմ գնդացիրներով։ Հանգույցի վրա կարող են տեղադրել նաև նշանառության սարքեր ու այն կառավարել դեսանտային հանգույցից։

Բազային CV90 հետևակի մարտական մեքենան ներկայացվել է դեռևս 1993-ին։ Արտադրության ընթացքում այն արդիականացվել է շուրջ 20 անգամ։ Արդիականացումներից կախված՝ մեքենայի վրա տեղադրված են 30, 35 կամ 40 մմ-անոց թնդանոթներ, ինչպես նաև 7,62 մմ գնդացիր։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 8 հոգի։

Հետևակի մարտական մեքենայի զանգվածը 23-25 տոննա է, այն կարող է զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Մեքենան առկա է մոտ 10 երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *