Վենեսուելան արդիականացնում է AMX-13 տանկերը

Զինված ուժերի սպառազինության Nexter AMX-13 տանկերը արդիականացնելու համար Վենեսուելան տրամադրել է 19 մլն ԱՄՆ դոլար, որը վերցրել է Զարգացման ազգային հիմնադրամից։

Ֆրանսիական արտադրության AMX-13 տանկը

Ֆրանսիական արտադրության AMX-13 տանկը

Ջեյնս ռազմական հանդեսի տվյալներով՝ արդիականացումը կատարելու են AMX-13 C.90 տանկերի վրա, որոնցից 36-ը Վենեսուելայի զինված ուժերի պահեստում են։ Արդիականացումը կատարելու են Վենեսուելայի զինված ուժերի սպառազինության սպասարկման ու նորոգման CEMABLIN կենտրոնի մասնագետները, սակայն թե ինչ սարքավորումներ են տեղադրվելու տանկերի վրա, դեռևս գաղտնի է պահվում։

Բացի տանկերի արդիականացումը,վենեսուելական ընկերությունը 2013-ի հոկտեմբերից AMX-13 տանկերի հիմքի վրա պատրաստում է նաև AMX-13 F.3 ինքնագնաց հաուբիցներ՝ 155 մմ հրանոթով, ինչպես նաև AMX-13 VCI հետևակի մարտական մեքենաներ։

AMX-13 թեթև տանկը, որի հիմքի վրա պատրաստվել են զրահատեխնիկայի բազմաթիվ տարբերակներ, նախագծել են Ֆրանսիայում 1946-ին։ 1952-ից 1987 թվականների ընթացքում Ֆրանսիան արտադրել է շուրջ 7700 նմանատիպ տանկ, որոնցից 3400-ը վաճառել է այլ երկրների։

Տանկի վրա տարբեր տարիների տեղադրվել են 75, 90 կամ 105 մմ թնդանոթներ, ինչպես նաև 7,5 կամ 7,62 մմ գնդացիրներ։ Տանկի մարտական զանգվածը շուրջ 14,5 տոննա է, անձնակազմը՝ 3 հոգի։

Տանկի հիմքի վրա տարբեր երկրներում ստեղծել են ավելի քան 30 արդիականացում, որոնց թվում՝ հետևակի մարտական մեքենաներ, ինքնագնաց հրետանային համակարգեր և այլն։ Տանկը ներկայումս առկա է 10-ից ավելի պետության զինված ուժերի սպառազինությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *