Սպանությունից 10 տարի անց. Եռաբլուրում հիշում են Գուրգեն Մարգարյանին (ֆոտո)

Ուղիղ 10 տարի առաջ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրի շրջանակներում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով սպանեց 26-ամյա ՀՀ ԶՈւ լետենանտ Գուրգեն Մարգարյանին։

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմը

Հայ սպա Գուրգեն Մարգարյանի շիրիմը

Այսօր՝ փետրվարի 19-ին, նրա հուշակոթողի մոտ էին հավաքվել նրա հարազատները, ծանոթներ, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը և այլք։

Սեյրան Օհանյանը Եռաբլուրում այցելել է Գուրգեն Մարգարյանի շիրիմին

Սեյրան Օհանյանը Եռաբլուրում այցելել է Գուրգեն Մարգարյանի շիրիմին

Ներկաները ծաղկեպսակ դրեցին հայ սպայի հուշակոթողին, այնուհետև ուղևորվեցին Եռաբլուր՝ նրա շիրմին այցելությանը։

Պաշտոնական մասից հետո Գուրգենին այցելողների թիվը չէր պակասում։

Դպրոցականները ծաղիկներ են դնում Գուրգեն Մարգարյանի շիրմին

Դպրոցականները ծաղիկներ են դնում Գուրգեն Մարգարյանի շիրմին

—Ընկեր Սարգսյան, բայց ինչո՞ւ սպանեցին մեր սպային։

—Թուրքը հային չի սիրում, ատում է։ Երևի Գուրգենը շատ լավ հայ է եղել, արժանավոր հայ է եղել ու այդ Ռամիլը որոշել է իր սև գործն անել։ Բայց հիշեք, հայը երբեք քնած մարդու վրա ձեռք չի բարձրացնի։

—Բայց այդպես արդար չի, ընկեր Սարգսյան։ Թող դատեն նրան։

—Դատել են, բայց իրենց երկրում նա հերոսացվել է։

—Հերոսներն այստեղ են։ (Աշակերտը ցույց է տալիս Եռաբլուրի շիրիմները)

Երևանի Վազգեն Առաջինի անվան դպրոցի 6-րդ դասարանի դասղեկ Ֆլորա Աղասարյան

Երևանի Վազգեն Առաջինի անվան դպրոցի 6-րդ դասարանի դասղեկ Ֆլորա Աղասարյան

Երևանի Վազգեն առաջինի անունը կրող դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանի աշակերտներին իրենց դասղեկները բերել էին Եռաբլուր ու քանի որ օրը հատկանշական էր, ծանոթությունը սկսել էին Գուրգենից։

«Մեր նպատաակն է, որ երեխաներն իմանան, թե ով է Գուրգենը։ Մենք երեխաներին ոչինչ նախապես չենք պատմել, յուրաքանչյուրի շիրմի մոտ կանգնելու ենք ու պատմենք նրանց մասին»,- նշում է 6-րդ դասարանի դասղեկ Ֆլորա Աղասարյանը։

Վազգեն Առաջինի անվան դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ Արաքսյա Սարգսյան

Երւանի Վազգեն Առաջինի անվան դպրոցի 5-րդ դասարանի դասղեկ Արաքսյա Սարգսյան

«Ամեն տարի կգանք, որ տեսնենք, թե մի օր ինչ է փոխվելու։ Երեխաները պետք է իրականությունն իմանան։ Նրանցից շատերը մեր վաղվա զինծառայողներն են ու պետք է իմանան ճշմարտությունը»,- հավելում է 5-րդ դասարանի դասղեկ Արաքսյա Սարգսյանը։

Ու հերթով բոլորի շիրիմներին մեխակներ են դրվում, երկար նայում են շիրմաքարերին ու փորձում մտապահել նրանց անունները։

Մի խումբ տղաներ իրենք իրենց խոսելով գնում էին.

Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը

Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը

—Հա, բայց չեմ հասկանում, մենք չե՞նք կարող մեր երկրում «դրան» (Սաֆարովին-հեղ) դատել։

—Դրան սպանել էր պետք, տեսար Արմենին ինչ արեցին։

—Է՞ն տղեն, որ կռվել էր ու մերոնց փրկե՞լ։

—Հա։ Մենք էլ զինվոր դառնանք մի օր…

Ընդհատվում է խոսակցությունը, պիտի խմբին միանան։

Հավելենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 28-ին բացվել էր Գուրգեն Մարգարյանի հուշակոթողը։ Բացմանը ներկա էին ընտանիքի անդամները, հարազատները, մի շարք հասարակական գործիչներ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ 2006թ. Բուդապեշտի քաղաքային դատարանը Սաֆարովին դատապարտել է ցմահ ազատազրկման 30 տարով, առանց ներման թույլտվության։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնել է, որտեղ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով նրան նույն օրը ներում է շնորհվել, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից կոչումը բարձրացվել լեյտենանտից մայորի:

Նկարները` Սոսե Մուրադյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *