Թուրքիան նվազեցրեց Բոինգի դեմ տուգանքների չափը

Թուրքիան որոշել է մեղմել Բոինգ ընկերության դեմ տուգանքները, որոնք կապված էին թուրքական օդուժին վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերի (ՎՆՎՕՀ, AEW&C) զգալի ուշացման համար։

Թուրքիան միայն վերջերս էր ստացել իր առաջին ՎՆՎՕՀ-ը, թեև պայմանագրով դրա մատակարարումը նախատեսված էր 6 տարի առաջ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան պատվիրել է 4 նման ինքնաթիռ, որոնցից վերջինը պետք է ստանա 2015 թվականին։

AEW&C. Թուրքիայի ՌՕՈւ

AEW&C. Թուրքիայի ՌՕՈւ

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, թե թուրքական կառավարությունը նախատեսում է Բոինգին տուգանել 600 մլն ամերիկյան դոլարով, սակայն պաշտոնական Անկարան այլ որոշում է ընդունել։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան ընկերությունից պահանջելու է 183 մլն ամերիկյան դոլարի փոխհատուցում, որը լինելու է ոչ թե գումարի, այլ ինքնաթիռների սպասարկման և պահեստամասերի տրամադրման տեսքով, փոխանցում է Defense News ռազմական լրատվակայքը։

Այսպիսով, Բոինգը պետք է ինքնաթիռների անվճար սպասարկման ժամկետը նախատեսված 2-ից դարձնի 5 տարի, ինչպես նաև 3 տարի սպասարկի ինքնաթիռներում առկա սարքավորումների ծրագրային սպասարկումը։ Բացի այդ, ամերիկացիները թուրքերին պետք է փոխանցել 32 մլն ամերիկյան դոլարի պահեստամասեր։

Նշենք, որ Բոինգի և Թուրքիայի միջև վաղ նախազգուշացման և վերահսկման ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, իսկ գործարքի արժեքը կազմել էր շուրջ 1,6 մլրդ ԱՄՆ դոլար։

Թուրքական AEW&C-ները կառուցվել են Boeing 737-700 ուղևորատար ինքնաթիռի հիմքի վրա։ Առավելագույն արագությունը 850 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 7 000 կմ, իսկ օդում կարող է մնալ մինչև 10 ժամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *