Սիրիայի համար նախատեսված ՄիԳ-29-երը կարող են վաճառել ուրիշ գնորդի

Ռուսաստանը կարող է վաճառել ի սկզբանե Սիրիայի համար նախատեսված ՄիԳ-29 կործանիչներն այլ պատվիրատուի։ Հավանական հասցեատերերն են ՌԴ-ի կամ Սերբիայի ռազմաօդային ուժերը։ Ընդ որում, պաշտոնապես Ռուսաստանը չի հրաժարվում Սիրիայի հետ կնքած պայմանագրով նախատեսված իր պարտավորություններից։ Սիրիայի պատվիրած կործանիչներն այդ երկրին կփոխանցվեն 2016-2017 թվականներին։ Այս մասին գրում է ռուսաստանյանԿոմերսանտ պարբերականը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրներին։

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

ՄիԳ-29 կործանիչ. ՌԴ ՌՕՈւ

Պարբերականը նշում է, որ վերջնական որոշում դեռևս չկա, սակայն դիտարկվում է սիրիական անավարտ կործանիչների կիրառման երկու տարբերակ։ Առաջինը ենթադրում է դրանց օգտագործումը ՌԴ պետական պատվերի իրականացման համար. ՌՕՈւ համալրման համար պետությունը պատվիրել է 16 միավոր ՄիԳ-29 (ռուս.՝ МиГ-29) կործանիչ: Երկրորդ տարբերակի համաձայն՝ Սիրիայի համար նախատեսված կոծանիչներից վեցը կմատակարարվեն Սերբիային։ Այդ երկրի և Ռուսաստանի միջև բանակցությունները ՄիԳ-29 կործանիչի ձեռքբերման շուրջ ընթանում են դեռևս 2013-ի երկրորդ եռամսյակից։ Սակայն հարկ է նշել, որ վերջնական պայմանագիր Սերբիայի և Ռուսաստանի միջև այս հարցի շուրջ դեռևս չի կնքվել։

Նշենք, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև 2007 թվականին կնքվել է 12 միավոր ՄիԳ-29 կործանիչի վաճառքի պայմանագիր, սակայն Սիրիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանը չկարողացավ իրականացնել պատվերը։ Ռուսական կողմը հայտարարում է, որ պատրաստ է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, սակայն անընդմեջ հետաձգում է դրանց ժամկետները։

Հիշեցնենք նաև, որ ՄիԳ-29 կործանիչները միակը չեն, որոնց մատակարարումը Սիրային Ռուսաստանը հետաձգում է։ Վերջին շրջանում Ռուսաստանն անընդմեջ խուսանավում է Սիրիային հակաօդային պաշտպանության Ս-300 զենիթահրթիռային համակարգերի (ռուս.՝ С-300) մատակարարման հարցում հստակ դիրքորոշման արտահայտման հարցում։ Անհայտ ժամկետներով հետաձգվել է նաև Յակ-130 (ռուս.՝ Як-130) ուսումնամարտական ինքնաթիռների մատակարարումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *