Մենք դիրքային պատերազմում ենք. Ռազմինֆոն՝ նորակոչիկների երդման արարողությանը

Մի ողջ լեռնաշղթա բնական «սահմանագիծ» է դարձել Հայաստանի ու Ադրբեջանի համար։ Սահմանագծից այս կողմ երեկ՝ փետրվարի 16-ին, Պաշտպանության բանակի ձմեռային զորակոչի նորակոչիկների հերթական խումբը տվեց զինվորական երդում՝ անձնվիրաբար ծառայել Հայրենիքին։

Սահմանապահ լեռներ

Սահմանապահ լեռներ

«Սա շատ լուրջ միջոցառում է։ Բանակ-հասարակություն կապի բարելավմանն ուղղված առաջին քայլը։ Գնալով մեր հասարակության մեջ արմատավորվում է, որ մեր զինծառայողներին պետք է ուրախությամբ ճանապարհեն բանակ և այդպես էլ ընդունեն»,- Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց ՊԲ զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Հարություն Ամիրխանյանը։

Ըստ հրամանատարի՝ բանակ-հասարակություն կապի համար պետք է ճիշտ մեկնաբանել յուրաքանչյուր երևույթ։

«Յուրաքանչյուր իրադարձության մի կողմից կարելի է նայել սև ու սպիտակ գույներով, մեկ այլ կողմից այլ գույներով։ Չկա մի տեղ, որ չլինեն դրական ու բացասական կողմեր։ Ուղղակի մեր դեպքում շատերը հենվում են բացասական դեպքերի վրա։ Պիտի հասկանանք, որ վրիպակներ միշտ էլ լինում են, դրոշակ սարքել պետք չէ։ Սա այն ոլորտն է, որ անընդհատ հմտանում է, զարգանում։ Պետք է դրականի մասին խոսել»,- հավաստիացնում է գնդապետը։

Զինծառայողները պատրաստվում են զինվորական երդում տալուն

Զինծառայողները պատրաստվում են զինվորական երդում տալուն

Արդեն երդում տված զինծառայող Նարեկ Օհանյանի համար սա ծառայության օրերից ամենանշանակալին էր։

«Ես երկար ժամանակ ապրել եմ Ռուսաստանում, հետո եկա այստեղ ծառայելու։ Որոշ ժամանակ սովորում ես քայլել, զինվորականի ճիշտ կեցվածք ու այսօրն այն օրն է, որ բոլորին պետք է ցույց տաս, թե ինչ ես հասցրել սովորել։ Երդումից հետո պատասխանատվությունն ավելի է մեծանում»,- պատմում է Նարեկը։

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչ զգացողություն ունի, որ սահմանապահ զորամասում է անցնելու իր զինծառայությունը, Նարեկն ասում է.

«Մենք մեր թիկունքում մեր ընտանիքներին ենք թողել ու վախենալու մասին իրավունք էլ չունենք մտածել։ Թող թշնամին մտածի, որ մենք այստեղ ենք, մենք դրանից անհանգստանալու կարիք չունենք»,- ժպտալով պատասխանում է զինծառայողը։

Ռազմինֆոն հետաքրքրվեց զորամասի հրամանատարից, թե ինչ քայլեր են ձեռնարկվում նորակոչիկների ադապտացիան սահուն կազմակերպելու համար։

«Մեր դեպքում շատ կարևոր է, որ յուրաքանչյուր զինծառայող գիտակցի, թե ինչ մարտական խնդիրներ է իրականացնում տվյալ զորամասը։ Երբ դա բացատրում ես, պատերազմ անցած մարդկանց օրինակներ ես բերում, հավատացեք շատ ավելի հեշտ է հարմարվել իրենց նոր կարգավիճակին»,-մանրամասնում է գնդապետ Ամիրխանյանը։

Շարքայինը զինվորական երդում տալու ժամանակ

Շարքայինը զինվորական երդում տալու ժամանակ

Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանն էլ նշում է, որ բանակում նորակոչիկներին իրենք իսկական տղամարդ են դարձնում։

«Այսօր մեր երիտասարդությունը հեղեղված է օտարածին բարքերով։ Մեր երիտասարդների համար ոչ թե Հայաստանի հերոսն է օրինակ, այլ հեռուստաընկերությունների ցուցադրած գողականները։ Դա մերը չէ, մենք այդ բարքերով կմոլորվենք։ Կխնդրեի մեր ծնողներին այդպիսի դաստիարակությանն ուշադիր լինեն, որ հետո մեր աշխատանքն էլ հեշտ լինի»,-բացատրում է փոխգնդապետը։

Իսկ զորամասի հրամանատարը հավելում է. «Փողոցային բարքերի դեմ խիստ պայքար է տարվում։ Արդյունքն ակնհայտ է։ Մեր հաղթանակի գրավականը փոխադարձ վստահությունն է, փոխզիջումը, ներելու կարողությունը։ Հզորներն են կարողանում ներել, իսկ մեր զորքը, մեր անձնակազմն իր տեղում հզոր է»,- նշում է գնդապետը։

Զորամասի ղեկավարությունն անդրադառնում է նաև զինվորների շրջանում մարտական հերթապահություն իրականացնելու վախի հաղթահարմանն ուղղված աշխատանքներին։ Ըստ նրանց՝ դա ժամանակավոր է, հենց այդտեղ է պետք հրամանատարների ճիշտ աշխատանքը։

ՊԲ զորամասերից մեկի հրամանատարությունը զինվորական երդման ժամանակ

ՊԲ զորամասերից մեկի հրամանատարությունը զինվորական երդման ժամանակ

«Մեր մարտական որևէ դիրքում զինվորն անպաշտպան չէ։ Մենք մի շարք պարապունքներ ենք անցկացնում, հղկում զինվորներին։ Բայց մի բան պետք է շատ լավ գիտակցեն՝ սահմանին վտանգ միշտ էլ կա, պետք է լինել հետևողական, ավելորդ նախաձեռնություն չցուցաբերեն և ամեն ինչ նորմալ կլինի»,- ասում է զորամասի հրամանատար, գնդապետ Ամիրխանյանը։

Այն հարցին, թե ինչպես են փորձում կազմակերպել զինծառայողների հանգիստը հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, փոխգնդապետ Սարգսյանը նշեց, որ ինչ-որ միջոցառումներ կազմակերպվում են, բայց զինվորական ծառայությունը պիտի անցնի զինվորական ծառայության պես։ Երիտասարդը, բացի այդ երկու տարին, շատ ժամանակ է ունենում այլ ոլորտներում զարգանալու համար։

«Մեր երկիրը, մեր պատմական հայրենիքը լցված է եկեղեցիներով։ Ստեղծել ենք, բայց չենք կարողացել պահպանել։ Այսօր մենք այդ պատմական սխալներից դաս ենք քաղում։ Զինվորականը պետք է միայն զինվորական գործով զբաղվի, քանի որ մենք դիրքային պատերազմում ենք։ Սա խաղաղ զինծառայություն չէ´, սա Շվեյցարիայի բանակը չէ´։ Այնպես որ պետք է միշտ պատրաստ լինենք։ Մենք մեր գործը գիտենք առաջնագծում, ցանկանում եմ, որ մեր թիկունքում ժողովուրդը համախմբված լինի հանուն մեր պետականության, հանուն մեր ապագայի, որպեսզի պատմական մեր նախկին սխալներն այլևս թույլ չտանք»,- զրույցը եզրափակեց զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ փոխգնդապետ Ալիկ Սարգսյանը։

Օրն ավարտվում էր, զինծառայողների ընտանիքներն իրենց որդիներին նորից դարպասներից այն կողմ էին ճանապարհում։ Երկու տարի հայրենիքի սահմաններն անխախտ պահելու պատվաբեր գործն արդեն նրանցն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *