Թուրքիան ու Ինդոնեզիան մտադիր են համատեղ տանկ ստեղծել

Թուրքիայի ու Ինդոնեզիայի կառավարությունները պայմանագիր են ստորագրել, որով նախատեսում են համատեղ նոր թեթև տանկ ստեղծել։ Երկու երկրները նախատեսում են տանկը նախագծել Ինդոնեզիայի սպառազինությանը հանձնելու համար։

Ըստ Ջեյնս ռազմական հանդեսի՝ նոր տանկի նախագծման աշխատանքները կկատարեն թուրքական FNSS Savunma Sistemieri ու ինդոնեզական PT Pindad ընկերությունները։

Նախատեսված է, որ տանկը կունենա դասական կազմվածք՝ մարտական հանգույցը կենտրոնում, իսկ շարժիչատրանսիմիսիոն հանգույցը՝ հետևում։ Տանկի վրա տեղադրվելու է 105 մմ ակոսավոր թնդանոթ, որին կից կտեղադրվի նաև 7,62 մմ գնդացիր։ Տանկի զանգվածը պիտի լինի շուրջ 25 տոննա։ Ենթադրվում է, որ տանկի նախագծման նախնական աշխատանքները Թուրքիայում ու Ինդոնեզիայում տարվում են 2013-ից սկսած, սակայն այդ մասին տեղեկությունները հաստատված չեն։

Ռազմարդյունաբերական համագործակցության ևս մեկ պայմանագիր Թուրքիայի ու Ինդոնեզիայի միջև կնքվել է 2013-ի մայիսին։ Այս պայմանագրով նախատեսված էր, որ երկու երկրները համատեղ ստեղծելու են թեթև ու միջին դասի զրահամեքենաներ, որոնք տրամադրվելու են թե´ Թուրքիայի, թե´ Ինդոնեզիայի զինված ուժերին։ Սերիական արտադրության սկսելուց հետո երկրները նախատեսել էին մեքենաները վաճառել նաև այլ երկրների։

Թեև նախատեսվում էր, որ թուրքական զրահամեքենաների հիմքով նախագծվող նոր զրահամեքենաները պիտի տրամադրվեն մեկ տարի անց, սակայն պայմանագրի կատարման մասին այս ընթացքում որևէ տեղեկություն չի հաղորդվել։

One response to “Թուրքիան ու Ինդոնեզիան մտադիր են համատեղ տանկ ստեղծել

  1. Pingback: Ինդոնեզիան վավերացրել է Թուրքիայի հետ ռազմարդյունաբերական համագործակցության պայմանագիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *