Զինված կամավորները` Մեքսիկայի կառավարության դաշնակիցներ նարկոպատերազմում

Ինքնապաշտպանության հարցերում Իսրայելի փորձ, Շվեյցարիայի փորձ։ Իսկ ի՞նչ կասենք Մեքսիկայի փորձի մասին։ Թվում է, թե Մեքսիկան տարբերվում է և Իսրայելից, և Շվեյցարիայից։ Մեր ընկալումներում այդ երկրները տարբեր քաշային կատեգորիաներում են և ունեն իրենց անվտանգության համար տարբեր սպառնալիքներ։

Այնուամենայնիվ, այն, ինչ կատարվում է Մեքսիկայում, նույնպես չափազանց հետաքրքիր է։

Վիգիլանտը՝ Կալաշնիկով ինքնաձիգով

Վիգիլանտը՝ Կալաշնիկով ինքնաձիգով

Ի տարբերություն Իսրայելի և Շվեյցարիայի Մեքսիկայի թշնամին ներսում է։ Այդ երկրի ամենալուրջ խնդիրներից մեկը նարկոկարտելներն են, որոնց դեմ երկրի իշխանությունները երկար տարիներ է, ինչ պայքարում են, բայց առանց նկատելի հաջողության։ Տարաբնույթ պաշտոնյաների կոռումպացվածության շնորհիվ նարկոկարտելները իրենց բավական ազատ են զգում և արդեն վաղուց է, որ ոչ միայն զբաղվում էին զուտ թմրաբիզնեսով, այլև ընդլայնել էին իրենց «բիզնեսը»՝ բնակչության ահաբեկում, «ռեկետ» ու անօրինական հարկեր ցանկացած գործունեության համար, առևանգումներ, բռնաբարություններ և այլն։

Մեքսիկայի տարբեր շրջաններում նարկոկարտելներն այնքան հզոր են, որ անգամ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունները խուսափում են այնտեղ հայտնվելուց։ Եթե նույնիկ կառավարական զորքերին ու ոստիկանությանը հաջողվում էր ոչնչացնել որևէ նարկոկորտել, նրա տեղում անմիջապես հայտնվում էր մեկ ուրիշը։ Մեքսիկայում այդպիսի խնդրահարույց նահանգներից է Միչոականը։ Եվ հենց այդ նահանգում էլ 2013 թվականի սկզբից տեղի բնակիչները, զգալով իշխանությունների անզորությունը, որոշել էին իրենց վրա վերցնել ինքնապաշտպանական գործառույթը և պատերազմ սկսել Մեքսիկայի հզորագույն նարկոկարտելներից «Տամպլիերների ասպետների» դեմ։

Կամավորականները, որոնց կոչում են նաև վիգիլանտներ, հիմնականում զինված են որսորդական հրացաններով, Կալաշնիկովի ինքնաձիգերով, այլ զինատեսակներով։ Շատերն ունեն նաև զրահաբաճկոններ։ Նարկոկորտելների և կամավորների մեջ քաղաքային մարտերի ժամանակ գործի են դրվում ոչ միայն ինքնաձիգեր, այլ նաև նռնականետեր, դիպուկահարներ։

Եվ ինքնապաշտպանության այս ինքնաբուխ համակարգը սկսեց արդյունքներ տալ, քանի որ սեփական ընտանիքն ու ունեցվածքը պաշտպանող մարդուն չես կաշառի։ Նրան ինչ-որ բան ստիպելն էլ բարդ է, եթե նա զինված է։

Բայց կամավորական այս շարժումը նաև լուրջ խնդիրներ ուներ իշխանությունների հետ։ Հարցն այն էր, որ ինքնապաշտպանության այդ ջոկատները նույնպես, ըստ էության, անօրինական զինված խմբավորումներ էին ու իշխանությունները փորձում էին պայքարել նաև այդ խմբավորումների դեմ՝ զինաթափելով դրանք, ձերբակալելով դրանց մասնակիցներին։ Իրավիճակն այնքան սուր բնույթ էր ստացել, որ 2014 թվականի հունվարի սկզբին Մեխիկոն ստիպված եղավ զինված ուժերի ստորաբաժանումներ մտցնել Միչոական նահանգ, որոնք պիտի պայքարեին և նարկոկարտելների, և վիգիլանտների դեմ։

Վիգիլանտների խումբը

Վիգիլանտների խումբը

Սակայն, որքան անարդյունավետ էին իշխանությունների ջանքերը նարկոկորտելների դեմ պայքարում, նույնքան էլ անարդյունավետ դրանք եղան վիգիլանտների դեմ պայքարում։ Արդյունքում իշխանությունները կամավորականների առաջնորդների հետ բանակացությունների արդյունքում կարելի է ասել, որ Սողոմոնի իմաստություն դրսևորեցին՝ որոշելով օրինականացնել վիգիլանտներին և ստանձնել դրանց ղեկավարումը։ Վիգիլանտները հունվարի 27-ից օրինական կարգավիճակ ստացան։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Մեքսիկայում կազմավորվելու են Շրջանային պաշտպանական ուժեր (Cuerpo de Defensa Rural), որին կանդամակցեն նարկոկարտելների դեմ պայքարող բոլոր աշխարհազորայինները, որոնց թվաքանակը գնահատվում է մոտ 20 000 մարդ։ Աշխարհազորային ջոկատներից պահանջվում է ներկայացնել իրենց բոլոր անդամների ցուցակները և գրանցել զենքերը Մեքսիկայի պաշտպանության նախարարությունում, որն էլ իր հերթին պարտավորվելու է նրանց տրամադրել կապի միջոցներ, որոշ դեպքերում նաև զինամթերք։ Վիգիլանտներն իրենց զենքերը մշտապես կարող են պահել իրենց մոտ, առավել աչքի ընկած կամավորները հնարավորություն կստանան աշխատանքի անցնել ոստիկանությունում։

Այսպիսով, կամավորները հաշվետու են լինելու բանակին, սակայն ունենալու են իրենց արտոնությունները։ Սա լավագույն լուծումն էր Մեքսիկայի համար, որտեղ 2006-ից ի վեր նարկոկարտելների դեմ պայքարի ընթացքում շուրջ 80 հազար մարդ է զոհվել։

Համաձայնության ձեռքբերման դրական արդյունքները երկար սպասեցնել չտվեցին. վիգիլանտների խմբերի աջակցությամբ ձերբակալվեց «Տամպլիերների ասպետների» 4 ղեկավարներից մեկը՝ Դիոնիսիո Լոյա Պլանկարետին, ով հայտնի է «Հորեղբայր» (El Tio) մականունով։ «Հորեղբայրը» Մեքսիկայի ամենափնտրվող հանցագործներից էր, իսկ նրա համար շուրջ 2.2 մլն դոլար գլխագին էր սահմանված։

Ըստ էության, Մեքսիկայում ստեղծվեց տարածքային պաշտպանության համակարգ և հետաքրքրականն այն է, որ այդ համակարգը ստեղծվեց բնականորեն՝ ապացուցելով, որ կարող է արդյունավետ լինել։ Հասկանալի է, որ Մեքսիկան ունի իր յուրահատկությունները, Իսրայելն ու Շվեյցարիան՝ իրենցը, բայց ընդհանուր առմամբ, զինված աշխարհազորայինների համակարգը բոլոր դեպքերում ցուցադրում է անվտանգության խնդիրների լուծման հարցում բարձր արդյունավետություն։

Իհարկե, ցանկալի է, որ նմանատիպ համակարգն ի սկզբանե ստեղծվի պետության կողմից, ինչը հնարավորություն կտա ճիշտ պլանավորել, կազմակերպել ուսուցում և խուսափել անցանկալի կողմնակի հետևանքներից։

2 responses to “Զինված կամավորները` Մեքսիկայի կառավարության դաշնակիցներ նարկոպատերազմում

  1. Pingback: Մեքսիկայում զինծառայողները վնասազերծել են հանցավոր խմբավորման 22 անդամների | Ռազմ.info

  2. Pingback: Մեքսիկայում զինծառայողներն ու հանցավոր խմբավորման անդամները կրկին բախվել են. կան զոհեր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *