ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական լուրը «հայ սահմանախախտ դիվերսանտի» մասին

Ադրբեջանական մամուլը, Ադրբեջանի ՊՆ-ն և Գերիների, անհետ կորածների և պատանդների հանձնաժողովը հունվարի 28-ին լուրեր են տարածում «զինված հայ դիվերսանտի սահմանն անցնելու մասին»։ ՀՀ ՊՆ-ն, ինչպես նաև Ռազմինֆոյի աղբյուրները հերքում են այս տեղեկությունը, բացի այդ էլ, ադրբեջանական կողմի տեղեկատվության հոսքի դիտարկումը մի շարք հակասություններ է ի հայտ բերել։

Ադրբեջանի հրապարակած Մամիկ Տիգրանի Խոջայանը մեր տվյալներով իրական անձ է, միայն թե Մամիկոն Տիգրանի Խոջոյան է, գրանցված է Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում, ծնվել է 1937-ին, այսինքն՝ 77 տարեկան է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկնաբանել է ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը՝ փաստելով, որ զինված հայկական դիվերսանտ սահմանը չի անցել, Ադրբեջանը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում։
Ինչ վերաբերում է քաղաքացիական անձին, ապա Ռազմինֆոյի աղբյուրները հայտնել են՝ Մամիկոն Խոջոյանը հոգեկան խանգարումներ ունի, Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ է, նրան այժմ փնտրում են։

Հակասություններ են առկա ադրբեջանական կողմի՝ միջադեպը լուսաբանելու գործընթացում։

Այսպես, լուրը նախ հայտնել է ադրբեջանական xezerxeber.az լրատվակայքը. հունվարի 28-ին՝ կեսօրվա ժամերին, ՀՀ Տավուշի շրջանից ադրբեջանական Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղ է անցել «ՀՀ քաղաքացի, զինծառայող՝ քաղաքացիական հանդերձանքով», մինչդեռ նույն լուրը ադրբեջանական մեկ այլ լրատվակայք՝ vesti.az-ը, մեկնաբանում է «Հայաստանի բնակիչն անցել է Ադրբեջանի սահմանը»՝ զինծառայող լինելու մասին որևէ բան չհիշատակելով։

Ալիբեյլի գյուղի գործադիր կառավարման մարմնի ներկայացուցիչ Վալեհ Ռզաևը, ինչպես նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը հաստատել են լուրը։
Ընդ որում, ԱՊԱ-ն հաղորդում է՝ դեռևս բարդ է ասել՝ արդյոք սահմանախախտը զինծառայող է, թե քաղաքացիական անձ, մինչդեռ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ իբր «Թովուզի շրջանն անցած ձերբակալված անձը հայկական դիվերսիոն խմբի անդամ է, զինված է եղել»։

Նկատենք, որ ադրբեջանական Trend լրատվական գործակալության հարցմանը արձագանքելիս ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչ Իլահա Հուսեյնովան ընդգծել է՝ Կարմիր խաչը որևէ տեղեկություն չի ստացել ո´չ պետական մարմիններից, ո´չ ենթադրյալ սահմանախախտի հարազատներից։

Հակասական է այն հանգամանքը, որ Ադրբեջանի Գերիների, անհայտ կորածների ու պատանդների հանձնաժողովի տեղեկացմամբ՝ ձերբակալվածը 65 տարեկան է. որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել, թե ինչպես կարող է իրականում 77-ամյա մարդը դիվերսանտ լինել։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ և ադրբեջանական մամուլը վերջին շրջանում պարբերաբար ապատեղեկատվություն են տարածում սահմանին «հայկական դիվերսիաների», «հայկական ռազմական ավտոմեքենա վնասելու» թեմաներով։ Չի բացառվում, որ այս տեղեկատվությունը ևս ադրբեջանական մամուլի հերթական սադրանքն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *