Ֆինանսների բացակայության պատճառով ԱՄՆ-ն հրաժարվում է արդիականացնել իր կործանիչները

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվում են ֆինանսավորել F-16C/D կործանիչների արդիականացումից, որը նախատեսված էր CAPES (Combat Avionics Programmed Extension Suite) ծրագրով։

F-16 Fighting Falcon կործանիչը

F-16 Fighting Falcon կործանիչը

ԱՄՆ ռազմաօդային ուժերը հրաժարվելը բացատրում են ֆինանսների անբավարարությամբ, ինչպես նշում է ամերիկյան Defence News պարբերականը։

Թեև պաշտոնական տվյալներ չկան, բայց CAPES ծրագրի արժեքը գնահատվում էր մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար։ Ծրագրով հիմնականում նախատեսված էր, որ ինքնաթիռներն արտադրող Lockheed Martin ընկերությունը ինքնաթիռների վրա պետք է տեղադրեր նոր Northrop Grumman SABR (Scalable Agile Beam Radar) ռադիոտեղորոշման բորտային կայաններ, որոնք ունակ են մեծ հեռավորության վրա թիրախներ հայտնաբերել։ Դրանց տեղադրումը կործանիչների վրա հնարավոր է իրականացնել առանց F-16-երի կառուցվածքի հիմնական բաղադրիչների փոփոխության։

Նախատեսված էր նաև, որ ինքնաթիռների վրա կտեղադրվեն Terma ALQ-213(V) բորտային պաշտպանական համալիրներ, ինչպես նաև ռադիոտեխնիկական հետախուզության կայաններ։

Արդիականացման այս ծրագրի փոխարեն ԱՄՆ ռազմաօդային ուժերը որոշել են նախատեսված գումարը ծախսել ավելի մեծ թվով կործանիչների համեմատաբար համեստ արդիականացման վրա, ինչի արդյունքում սարքերի ու կայանների տեղադրման փոխարեն կերկարացվի կործանիչների օգտագործման ժամերի քանակը։ Յուրաքանչյուր ինքնաթիռի թռիչքային ժամերն այսպիսով 8 հազարից կհասցվեն 10-12 հազար ժամի։

Հիշեցնենք, որ ամերիկյան F-16 կործանիչների վրա նոր ռադիոտեղորոշման կայաններ տեղադրելու մասին լուրերը հայտնվեցին 2013-ի օգոստոսին։

Ամերիկյան F-16 Fighting Falcon-ները չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչներ են։ Համեմատաբար էժան գնի շնորհիվ (14-18,8 մլն ԱՄՆ դոլար) դրանք առկա են ավելի քան 20 երկրի զինված ուժերի սպառազինության մեջ։ F-16C (մեկ օդաչու) ու F-16D (երկու օդաչու) տարբերակները նախագծվել են 1984-ին։

Կործանիչի սեփական զանգվածը 8,5 տոննա է, իսկ առավելագույն թռիչքային զանգվածը՝ 19,2 տոննա։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը շուրջ 550 կմ է։ Զինված է 20 մմ թնդանոթով, ինչպես նաև ունի 17 կախման կետեր, որոնց վրա կարող են տարբեր տեսակի ռումբեր ու հրթիռներ կախվել՝ ընդհանուր 7,7 տոննա զանգվածով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *