Ֆինլանդիան ԱՄՆ-ից կգնի մի քանի հարյուր Սթինգեր համալիր

Ֆինլանդիան առաջիկայում պատրաստվում է ԱՄՆ-ից գնել մի քանի հարյուր միավոր Սթինգեր շարժական զենիթահրթիռային համալիր, որոնք կփոխարինեն ֆինլանդական բանակում ներկայումս օգտագործվող ռուսական արտադրության զենիթահրթիռային համալիրները։ Ինչպես գրում է ֆինլանդական Հելսինգին Սանոմաթ թերթը, այս մասին իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Կարլ Հագլունդը։

Սթինգեր շարժական զենիթահրթիռային համալիր

Սթինգեր շարժական զենիթահրթիռային համալիր

Նախարարը նշել է, որ ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչության ղեկավար Չաք Հեյգելի հետ հանդիպման ընթացքում վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև այդ հարցի շուրջ։ Նախարար Հագլունդը նշել է նաև գործարքի արժեքը, որով ամերիկյան կողմը փոխանցելու է շարժական զենիթահրթիռային համալիրները (ԶՀՀ)։ Ըստ այդմ, մի քանի հարյուր Սթինգերների (անգլ.՝ Stinger) խմբաքանակը ամերիկացիները վաճառելու են 90 մլն եվրոյով, ինչը ֆինն նախարարի բնորոշմամբ չափազանց շահավետ գին է։

Մատակարարվող Սթինգեր շարժական ԶՀՀ-ների ստույգ քանակն առայժմ հայտնի չէ, սակայն նշենք, որ նախքան այդ գործարքի կյանքի կոչվելը այն պետք է հավանության արժանանա Ֆինլանդիայի կառավարության ֆինանսական կոմիտեի կողմից։

Նշենք նաև, որ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը շարժական զենիթահրթիռային համալիրների գնման մրցույթ էր հայտարարել դեռևս 2011-ին, որին մասնակցության հայտ էին ներկայացրել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լեհաստանը, Հարավային Կորեան և Շվեդիան։ 2013-ի սեպտեմբերին ամերիկյան կողմը Ֆինլանդիայի զորավարժարաններից մեկում գործնականում ցուցադրեց Սթինգեր շարժական ԶՀՀ-ն։ Իսկ այժմ արդեն պարզ է դարձել, որ ֆինլանդական կողմն իր նախապատվությունը տվել է հենց այդ շարժական զենիթահրթիռային համալիրներին։

Նշենք, որ ամերիկյան Սթինգեր շարժական ԶՀՀ-ն նախատեսված է մինչև 3800 մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի խոցման համար։ Համալիրը թիրախները կարող է խոցել մինչև 4500 մետր հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *