ԱՄՆ-ն ահաբեկիչների ոչնչացնելու համար հրթիռային հարվածներ է հասցրել Սոմալիում

ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Սոմալիում «ալ Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման առաջնորդներից մեկին ոչնչացնելու գործողությունների ժամանակ։ Սակայն դեռևս անհայտ է՝ հրթիռային հարվածներից հետո ի վերջո Պենտագոնը հաջողություններ գրանցել է, թե ոչ։

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

«Ալ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման անդամներ

Այս մասին հունվարի 27-ին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Պենտագոնում սեփական աղբյուրներին։

Նշենք, որ մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ ավիահարվածը հասցվել է Սոմալիի հարավային հատվածում՝ Բարաավա քաղաքում երթևեկող ավտոմեքենային, որի ուղևորները, ըստ երևույթին, զինյալներ էին։

Ընդ որում, AP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հարված է հասցրել ամերիկյան օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքը, որի հետևանքով սպանվել են «ալ Շաբաբի» դաշտային հրամանատար Սահալ Իսքուդհուքը և վերջինիս վարորդը։

Հիշեցնենք, որ 2013-ի աշնանը Պենտագոնը զինյալների դեմ հերթական գործողությունն էր իրականացրել Սոմալիում՝ հարվածներ հասցնելով Իքրիմ մականունով զինյալի՝ նույն Բարաավա քաղաքում տեղակայված ամառանոցին։ Գործողությունն իրականացրել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը, որը 2011-ի մայիսին Պակիստանում չեզոքացրել էր «ալ Կաիդայի» առաջնորդ Օսամա բին Լադենին։

Հավելենք, որ «ալ Շաբաբն» Աֆրիկայի տարածքում ամենախոշոր և ազդեցիկ իսլամիստական խմբավորումներից է, որի վերջնանպատակը Սոմալիի տարածքում անկախ իսլամիստական պետության ստեղծումն է։ Խմբավորումը սերտ կապեր ունի «ալ Կաիդայի հետ»։ «Ալ Շաբաբի» վերջին խոշոր ահաբեկչությունը 2013-ի սեպտեմբերին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա հարձակումն էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *