Հայտնի է Ժնևում Սիրիայի հարցով բանակցությունների առաջին համաձայնությունը

Ժնևում Սիրիայի հակամարտության շրջանակներում ընթացող բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել կանանց ու երեխաներին թույլատրել անվնաս հեռանալ Սիրիայի Հոմս քաղաքից և այնտեղ հասցնել մարդասիրական օգնություն։

Սիրիայի Հոմս քաղաքը՝ մարտերից հետո

Սիրիայի Հոմս քաղաքը՝ մարտերից հետո

Այս մասին հունվարի 26-ին հաղորդել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահմանին։

Նրա խոսքերով՝ Սիրիայի կառավարությունն էլ իր հերթին պահանջել է կառավարական զորքերի հսկողության ներքո Հոմսից հեռանալ պատրաստվող անձանց ամբողջական ցուցակը՝ համոզվելու համար, որ նրանք քաղաքացիական անձ են։

Մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոշարասյունը նախատեսված է Հոմս ուղարկել այսօր՝ հունվարի 27-ին։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել Հոմս քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնի հետ, նաև բանակցություններ են վարում զինյալների խմբավորումներիի հետ։ Վերջիններս հավաստիացրել են, որ հարձակումներ չեն գործի ավտոշարասյան վրա։

Բրահմանին շեշտել է, որ բանակցում են նաև գերիներին ու պատանդներին ազատ արձակելու ուղղությամբ։ Մասնավորապես, Սիրիայի ընդդիմադիրների խմբավորումներն արդեն համաձայնել են տրամադրել զինյալների մոտ պահվող գերիների ցուցակ, որոնց հետ հաղորդակցվելու հնարավորություն կա։

Եզրափակելով խոսքը՝ Բրահմանին արդյունավետ է համարել մեկնարկած բանակցությունների ընթացքը, սակայն հրաժարվել է դրանք ավարտելու ժամկետներ նշել։

Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտության խաղաղ լուծումներ սահմանելու նպատակով անցկացվող Ժնևյան 2-րդ համաժողովին մասնակցում են Սիրիայի կառավարության պատվիրակությունը և Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ։ Համաժողովի կազմակերպումը խթանել է ՄԱԿ-ը, բանակցություններին ներկա է վերջինիս ներկայացուցիչ Լահդարա Բրահմանին։ 2013-ի վերջին մամուլում պարբերաբար հրապարակումներ էին շրջանառվում, որ հակամարտող կողմերը չեն մասնակցի բանակցություններին, և դրանք կտապալվեն։

Ընդ որում, պահանջներ էր ներկայացնում հիմնականում ընդդիմությունը՝ հավաստիացնելով, որ իր մասնակցության նախապայմանը Բաշար Ասադի հրաժարականն է։ Ճիշտ է՝ բանակցություններն այնուհանդերձ ընթանում են, բայց կողմերը համաձայնության են եկել դեռևս միայն Հոմսին մարդասիրական օգնության ցուցաբերումը չխոչընդոտելու հարցում։

Հավելենք նաև, որ դեռևս 2013-ի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ ԱԽ-ն Սիրիային վերաբերող բանաձև էր ընդունել, որում կոչ է անում հակամարտող կողմերին 2012-ի հունիսի 30-ին Ժնևում անցկացրած բանակցությունների հիման վրա համաժողով հրավիրել՝ Սիրիայում ներքին հակամարտությանը խաղաղ լուծում առաջադրելու և այն ի կատար ածելու նպատակով։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը մեկնարկել է 2011-ից։ ՄԱԿ-ի տվյալներով՝ նախագահ Բաշար Ասադի համախոհների և նրանց դեմ մարտնչող զինյալների հակամարտության հետևանքով գրանցվել է 120 հազարի զոհ, 2 մլն մարդ դարձել է փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *