Ուկրաինան ուշացնում է խորվաթական ՄիԳ-21-երի վերանորոգումը

Ուկրաինան արդեն 100 օր է, ինչ ուշացնում է խորվաթական ՄիԳ-21 կործանիչների վերանորոգման աշխատանքների ավարտը։ Խորվաթիան այդ պատվերը վստահել էր Օդեսսայի ավիանորոգման գործարանին, սակայն կործանիչները դեռևս չեն անցել վերջնական փորձարկումները։ Ավելին՝ խորվաթական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) փորձարկող-օդաչու Իվան Սելյակը կործանիչների փորձարկման թռիչքի ժամանակ ռադիոսարքավորումների աշխատանքում արձանագրել էր անհայտ ծագման աղմուկ։ Այս մասին հաղորդում է խորվաթական Većernji list լրատվակայքը։

ՄիԳ-21 կործանիչ. Խորվաթիայի ՌՕՈւ

ՄիԳ-21 կործանիչ. Խորվաթիայի ՌՕՈւ

Խորվաթիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի շտապում բողոք հայտնել պատվերի կատարաման ժամկետների ուշացման կապակցությամբ։ Պաշտպանական գերատեսչությունից ուշացման ի թիվս այլ պատճառների, նշում են նաև ավիանորոգման գործարանի շրջանում վատ եղանակային պայմանները։

Խորվաթիայի համար օրհասական էր դարձել ՄիԳ-21 կործանիչների վերանորոգումը, քանի որ ՌՕՈւ ավիապարկում առկա այս ինքնաթիռներից գրեթե ոչ մեկն այլևս պիտանի չէր շահագործման համար։ Փորձարկման թռիչքների ժամանակ խորվաթական կողմը գոհունակություն է հայտնել շարժիչների վերանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքների որակից։ Վերանորոգման են ենթակա նաև «օդ-օդ» դասին պատկանող Ռ-60 հրթիռների արձակման սարքավորումները։

Այս ամենի հետ մեկտեղ նշվում է նաև, որ աշխատանքների արդյունքում ամենայն հավանականությամբ չի հաջողվի վերանորոգել կործանիչների Սապֆիռ ՌՊ-22ՍՄԱ (ռուս.՝ Сапфир РП-22СМА) ռադիոտեղորոշիչ կայանները, ինչը պարզվեց՝ չափազանց բարդ առաջադրանք է ուկրաինացի մասնագետների համար։

Նշենք, որ մինչ ուկրաինական կողմին դիմելը Խորվաթիան արդեն փորձել էր իր ՌՕՈւ ՄիԳ-21 կործանիչները վերանորոգել ռումինական Աերոսթար ձեռնարկությունում, ինչն ունեցել էր անհաջող ավարտ, քանի որ կատարված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ չեն եղել։

One response to “Ուկրաինան ուշացնում է խորվաթական ՄիԳ-21-երի վերանորոգումը

  1. Pingback: Խորվաթիայում վթարվել է ՄիԳ-21 կործանիչ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *