Ադրբեջանի ՊՆ-ի՝ «ռազմական գաղտնիքներ» չքննարկելու հերթական կոչը համացանցում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում արդեն երրորդ անգամ կոչ է արել լրագրողներին և քաղաքացիներին համացանցում ռազմական նշանակության չստուգված լուրեր տարածելուց զերծ մնալ՝ դժգոհելով, որ իր հորդորներն ուշադրության չեն արժանանում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արգելված է զորամասերի համարների, դրանց տեղակայման ստույգ վայրերի, զինծառայողների անուն-ազգանունների, զորամասերի ու կոչումների մասին համացանցում տեղեկություններ տարածելը։ Անհրաժեշտ է պետական և ռազմական գաղտնիքները պահել հակառակորդի հետախուզությունից, որը կարող է առանց դժվարությունների հավաքագրել դրանք համացանցից»։

Նկատենք, որ 2014-ի հունվարի 7-ին ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրության միջոցով կրկին խորհուրդ էր տվել մամուլին ԶՈւ անհիմն քննադատություններից խուսափել և համացանցում հայտնված ռազմական բնույթի տեղեկություններն անպայման հրապարակումից առաջ ստուգել։

Դեռևս 2013-ի դեկտեմբերի 14-ին ՊՆ-ն տարածել էր գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություն՝ կոչ անելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին չգնալ նոր նախարարի օրոք պաշտոնից հեռացված զինվորականների՝ համացանցում հայտնված «ԶՈւ-ին վարկաբեկող» մտքերը տարածելու քայլին, ինչը խոչընդոտում է «ԶՈւ կադրային բարեփոխումների բնականոն ընթացքը»։

Ինչպես պարզ է դառնում  հաղորդագրություններից, կոնկրետ դեպքեր չեն նշվում, թե երբ են գրանցվել ռազմական գաղտնիքները մատնելու և ազգային անվտանգությանը սպառնացող ապատեղեկատվություն տարածելու դեպքեր, որոնք էլ դրդապատճառ են քաղաքացիներին հերթական անգամ զգուշացնելու։

Փորձենք ամփոփել վերջին շրջանում քննարկված, հաղորդագրության համատեքստին քիչ թե շատ առնչվող դեպքերը։

2013-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ասքերլի Անար Դաղըսթան օղլուն մահվանից ժամեր առաջ գրառում էր կատարել Ֆեյսբուքում՝ դժգոհելով պետությունից։ Մահվան դեպքի լուսաբանման արդյունքում զինծառայողի էջում հրապարակված մեծաքանակ լուսանկարները հասանելի էին դարձել բոլորին։ Նույնիսկ մի շարք փորձագետներ խորհուրդ էին տվել հետաքննությանն օգտվել էջում ամփոփված տեղեկությունից՝ մահվան պատճառը պարզելու նպատակով։

Հատկանշական է, որ այս դեպքից հետ այս կամ այն զինծառայողի տուժելու կամ զոհվելու նյութերը ժամանակ առ ժամանակ ադրբեջանալեզու կայքերում հայտնվում էին տվյալ զինծառայողի սոցցանցային էջի լուսանկարով։

Հոկտեմբերի 28-ին, երբ Ադրբեջանի ՊՆ-ում քաոսային իրավիճակ էր,Ֆեյսբուքում անհայտ անձինք  նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի անունից բացել էին էջ։ Այն մի քանի ժամում հավաքել էր 4 հազար հետևորդներ և Ադրբեջանի ՊՆ լռության հետևանքով դարձել էր տեղեկատվության աղբյուր։ Հաջորդ օրը ՊՆ-ն հայտարարել էր՝ էջը կեղծ է, և այն փակել էին։

Բացի այդ, 2013-ի ընթացքում Ադրբեջանում ռազմական թեմային առնչվող բողոքի ցույցերի կազմակերպումը և ուղղորդումն իրականացվել է սոցցանցերի միջոցով. օրինակ՝ հունվարի և մարտի սկզբներին բանակում ոչ մարտական կորուստների դեմ, դեկտեմբերի վերջին իշխանությունների կողմից արհամարհված, Արցախյան պատերազմի ինքնահրկիզված վետերան Զաուր Հասանովին ի պաշտպանության ցույցերը, ինչպես ևցույցերի կոչեր, որոնք իրական չդարձան։

Հարկ է նշել նաև, որ Զաքիր Հասանովի նշանակումից հետո ադրբեջանցիները ԶՈւ դրական և բացասական կողմերը, կադրային փոփոխությունները, ոչ մարտական զոհերի թեմաներն առավել հաճախ են շրջանառում սոցցանցերում, և ադրբեջանական մամուլի համար համանման սոցցանցային անհատական գրառումները (օրինակ՝ Ուզեիր Ջաֆարովի) դառնում են բանակի մասին հրապարակումների թեմա ու առաջնային աղբյուր։ Անգամ ՊՆ նոր խոսնակի նշանակումը դեռևս չի ազդել ստեղծված իրավիճակի վրա։

Կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանում ձևավորվում է երկուստեք անվստահության մթնոլորտ, երբ երկրում պաշտպանության նախարարությունը կասկածներ ունի թե´ մամուլի, թե´ սովորական քաղաքացիների զգոնության և անվտանգության կանոնների պահպանման հարցում, քաղաքացիներն էլ իրենց հերթին ավելի շուտ հավատում են անհատների՝ ԶՈւ-ին վերաբերող գրառումներին, քան թե պաշտոնական բնույթի հրապարակումներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *