Իսրայելը կոնվերտոպլաններ գնելու պաշտոնական հայտ է ուղարկել ԱՄՆ-ին

Իսրայելը ԱՄՆ-ից կգնի 6 միավոր V-22B Osprey կոնվերտոպլաններ, ինչի համար կծախսի 1,13 մլրդ ԱՄՆ դոլար։ Իսրայելն արդեն պաշտոնապես հայտ  է ներկայացրել ԱՄՆ-ին։

Հայտի մասին ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը զեկույց է ներկայացրել ԱՄՆ կոնգրեսին։ Գործարքը կկատարվի ԱՄՆ-ի կողմից Իսրայելին տրամադրվող օգնության հաշվին։ Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Կոնվերտոպլաններից բացի, գործարքի արժեքի մեջ կմտնեն լրացուցիչ 4 շարժիչներ, ռադարներ, նավիգացիոն ու կապի սարքավորումներ և այլն։

Հիշեցնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ն հայտնել էր Իսրայելին կոնվերտոպլաններ տրամադրելու իր մտադրության մասին։ Գործարքի արդյունքում Իսրայելը կլինի ԱՄՆ-ից հետո երկրորդ երկիրը, որի սպառազինությունում կլինի կոնվերտոպլան։

Կոնվերտոպլանը օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։ Այս հանգամանքը թռչող սարքին թույլ է տալիս արագ թռչել ինքնաթիռային ռեժիմով ու դեսանտ կամ տեխնիկա իջեցնել ինքնաթիռների համար անհասանելի տեղերում ուղղաթիռային ռեժիմի շնորհիվ։

V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայումս միակն է, որ սերիական արտադրության է։ Այն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, այն կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։

Կոնվերտոպլանի չլիցքավորված զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12.300 ձիաուժ է, ինչի շնորհիվ կոնվերտոպլանը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է միայն ԱՄՆ սպառազինության մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *