Թուրքիան և Մալայզիան խորացնում են ռազմական համագործակցությունը

Մալայզիան ու Թուրքիան խորացնելու են ռազմական համագործակցությունը, ինչի կապակցությամբ կողմերի միջև օրերս համաձայնագիր է ստորագրվել: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն այցելել էր Մալայզիա, որտեղ էլ հունվարի 10-ին կնքվել է ռազմավարական համագործակցության համաձայնագիրը:

էրդողանի այցը Մալայզիա

էրդողանի այցը Մալայզիա

Համաձայնագրով կողմերը պարտավորվում են խորացնել տնտեսական կապերը մի շարք ոլորտներում, այդ թվում` ռազմարդյունաբերությունում, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը:

Սա նշանակում է, որ Թուրքիան կարող է մեծացնել ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման շուկան Մալայզիայում, ինչն էլ պաշտոնական Անկարան փորձում է անել վերջին շրջանում:

Մալայզիան 2013 թվականի տվյալներով թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի սպառողների շարքում երրորդն է` զիջելով միայն ԱՄՆ-ին և Իտալիային: Անցյալ տարի Մալայզիա է արտահանվել թուրքական ռազմական նշանակության արտադրանքի 4,5 տոկոսը, որը կազմում է շուրջ 60 մլն ամերիկյան դոլար:

Մալայզիան և Թուրքիան 2011-ին կնքել էին պայմանագիր, որով նախատեսվում է Մալայզիայում սկսել թուրքական FNSS Pars զրահափոխադրիչի համատեղ արտադրությունը, որը կրելու է AV8 անունը:

Ներկայում Թուրքիայի և Մալայզիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմում է 1,5 մլրդ դոլար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *