Ադրբեջանի ՊՆ-ն կոծկել է զինծառայողների մահվան առնվազն 5 դեպքերի պատճառները

Ադրբեջանի Կտտանքների դեմ հանձնաժողովն անցնող տարում ստացել է կտտանքներին ու անմարդկային վերաբերմունքին առնչվող 115 բողոք, որոնցից 5-ը վերաբերում է մահվան դեպքերին, ու բոլոր 5-ն էլ գրանցվել են Ադրբեջանի զինված ուժերում։

ադրբեջանական բանակ

Դեկտեմբերի 24-ին Կտտանքների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբութովը հայտարարել է՝ իրականում բռնության ու տանջանքների պատճառով գրանցված մահերի թիվը շատ ավելի է, սակայն միշտ չէ, որ իրենց հայտնի են դառնում այդ դեպքերը։

Նա նշել է զոհված զինծառայողների անունները՝ չմանրամասնելով մահվան հանգամանքները։ Զինծառայողների մասին մեր ունեցած տվյալները ներկայացնում ենք ստորև.

Էլվին Նիֆթիզադե. Զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին Ջալիլաբադի շրջանից, մահացել է 2013-ի մարտի 16-ին։ Նախնական տեղեկության համաձայն՝ զինվորը զոհվել էր հրազենային վնասվածքից, սակայն պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ խոսվում էր Նիֆթիզադեի վատ ինքնազգացողության ու արյան ցածր ճնշման մասին: Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ռազմական դատախազի ներկայությամբ իրականացված դիահերձման ժամանակ ոչ մի արտաքին ու ներքին վնասվածք չէր հայտնաբերվել: Մահացածի ազգականներից մեկի՝ քաղբանտարկյալ Ուլվի Գուլիևի պնդմամբ՝ զինծառայողին սպանել է նրա հրամանատարը՝ աթոռակով հարվածելով, երբ զինվորը քնած է եղել: Ադրբեջանական լրատվադաշտում տարածվել էին զինծառայողի դիի լուսանկարները։

Ջեյհուն Գուբադով. 2013-ի սկզբին՝ հունվարի 7-ին, 1994-ին ծնված զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը, որը զորակոչվել էր 2012-ի հոկտեմբերին, պաշտոնական վարկածով մահացել էր սրտի կաթվածից, սակայն ադրբեջանական մամուլում հայտնվել էին զինծառայողի դիի լուսանկարները՝ կապտուկների և վնասվածքերի հետքերով։ Զինծառայողի մահվան դեպքը քննարկումների առիթ էր տվել սոցցանցերում, որոնք հունվարի 12-ին վերաճել էին ոչ մարտական կորուստների մեծ թվի դեմ ուղղված բողոքի ցույցի։

Սեյմուր Ալլահվերդիև Մյուրվեթ օղլու (ծնվ. 1994 թ.). զորակոչվել է Գյոյչայի շրջանի Քյուրդամիշ գյուղից, մահացել է 2013-ի փետրվարի վերջին։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության վկայությամբ՝ Շամխորի բանակային կորպուսի Ղազախի շրջանի զորամասերից մեկում ծառայություն անցնող Ալլահվերդիևը դիրքերում ինքնասպանություն է գործել՝ ինքն իրեն կրակելով իրեն ամրակցված ինքնաձիգից։

Թելման Ալիև. Թե´ Ռազմինֆոյի մշտադիտարկումներում, թե´ ադրբեջանական լրագրողների ռազմական ուսումնասիրությունների «Դոկտրինա» կենտրոնի զեկույցներում նման անուն-ազգանունով զոհված զինծառայող չկա։ Կարծում ենք՝ վերջինս կամ վիրավորների շարքում է եղել,  մահանալուց հետո տվյալները չեն թարմացվել կամ էլ Ադրբեջանի ԶՈւ չհրապարակված կորուստներից մեկն է։ Չի բացառվում նաև, որ Բեհբութովը կամ վերջինիս խոսքերը մեջբերող «Թուրան» լրատվական գործակալությունը շփոթել են հայրանունն ազգանունի հետ, և իրականում խոսքը մարտի 5-ի լույս 6-ի գիշերը մահացած, Շամխորի կորպուսի զինծառայող Էլման Թելման օղլու Ալիևի մասին է։ Նա մահացել է մարտական դիրքերում, մահվան պատճառները մինչ օրս անհայտ են։ ՊՆ-ն վկայել էր՝ բժշկական փորձաքննության արդյունքները կհրապարակվեն, սակայն այդպես էլ տեղեկություններ չէր տրամադրել։

Օրհան Միրզազադե. գրեթե ոչ մի տվյալ հայտնի չէ։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը չի մեկնաբանել միջադեպը։ 2013-ի փետրվարի 4-ին ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զինծառայողն ինքնասպանություն է Տերտերի շրջանի զորամասերից մեկում։

Այսպիսով, Կտտանքների դեմ հանձնաժողովը հաստատում է, որ ընթացիկ տարում առնվազն 5 զինծառայող Ադրբեջանում մահացել է բռնության կիրառման պատճառով, մինչդեռ, ինչպես տեսանք, Ադրբեջանի ՊՆ-ն 5 միջադեպերի դեպքում բռնության վարկածը չի հիշատակում, ավելին՝ 5 միջադեպից 2-ը ներկայացվում է որպես ինքնասպանություն, խոստանում է տրամադրել անհայտ պատճառով մյուս մահացածի փորձաքննության տվյալները, սակայն մինչև տարեվերջ այդպես էլ չի հաղորդում, մյուս դեպքում բռնության հետքեր կրող դիի լուսանկարները հայտնվելուց հետո էլ պաշտոնական աղբյուրներում խոսք չկա հետաքննություն սկսելու մասին, վերջին դեպքում էլ որպես պատճառ նշվում է սրտի կաթվածը։

Սա թույլ է տալիս հերթական անգամ եզրակացնել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կոծկում է զինծառայողների մահվան իրական պատճառները, ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով մահացածներին ներկայացնում որպես ինքնասպանություն գործած կամ հիվանդության պատճառով մահացած զինծառայողների, և հարկ եղած դեպքում հետաքննություն չի անցկացվում։