Քենիան զորք կուղարկի Հարավային Սուդան՝ իր քաղաքացիներին տարհանելու համար

Քենիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն` երկրի նախագահ Ուհուրու Քեիաթան պաշտպանության նախարարությանը հրամայել է անհապաղ կազմակերպել Հարավային Սուդանում  1600 քենիացիների տարհանումը: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը:

Քենիայի ԶՈւ զինծառայողներ

Քենիայի ԶՈւ զինծառայողներ

Քենիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի հաղորդմամբ, իրենց քաղաքացիների մեծ մասը արգելափակվել է Հարավային Սուդանի Բոռ քաղաքում, որը վերահսկվում է ապստամբ խմբավորումների կողմից:

Քենիան միակ պետությունը չէ, որը տարհանում է իր քաղաքացիներին: Ավելի վաղ Հարավային Սուդանում ԱՄՆ դեսպանատնից տարհանվել էր անձնակազմի մի մասը: ԱՄՆ-ն նաև կոչ էր արել իր բոլոր քաղաքացիներին լքել այդ երկիրը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի տարբեր թաղամասերում սկիզբ են առել զինված բախումներ, որոնք ուղեկցվել են հրաձգությամբ և պայթյուններով: Բախումներին վերջ դնելու համար քաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ, իսկ նախագահ Սալվա Քիիրը հայտարարեց, որ երկրում եղել է պետական հեղաշրջման փորձ:

Հարավային Սուդանի իշխանությունները հետախուզում են հայտարարել երկրի նախկին փոխնախագահ Ռիեք Մաշար Թենի նկատմամբ, ով համարվում է զինված հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Ինքը՝ նախկին փոխնախագահը, հերքել է իր հասցեին հնչեցված բոլոր մեղադրանքներն ասելով, որ մայրաքաղաքում տեղի ուենցածը բանակային տարբեր ստորաբաժանումների միջև եղած թյուրիմացության արդյունք է և ինքը որևէ առընչություն չունի այդ ամենին:

Հավելենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրվե Լադսուսի խոսքերով, Հարավային Սուդանում սկիզբ առած բախումների հետևանքով զոհվել է շուրջ 500 մարդ, ևս 800-ը վիրավոր են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *