Վրաստանը ցուցադրել է «Լազիկա» հետևակի մարտական մեքենան (ֆոտո)

Փետրվարի 25-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլուն ներկայցրել են Վրաստանում մշակված նոր հետևակի մարտական մեքենա, որը ստացել է «Լազիկա» անունը։ Մեքենան զինված է 23մմ հրանոթով և 7.62մմ գնդացրով, կարող է տեղափոխել մինչև 8 հոգանոց դեսանտ, իսկ անձնակազմը 3 հոգի է։ Վրացիները հավաստիացնում են, որ նոր մեքենան կարող է պաշտպանել ներսում գտնվողներին 14.5մմ տրամաչափի գնդակներից։ Հասկանալի է, որ այս նորությունը բավականին ոգևորել է վրացիներին, սակայն իրականությունը, թերևս, այնքան էլ անամպ չի, որքան ներկայացվում է։

Նախ, թեև նշվում է, որ մեքենան մշակվել է վրացական «Դելտա» ԳՀԻ-ում, սակայն հասկանալի է, որ Վրաստանը չէր կարող ինքնուրույն զրոյից զրահամեքենա նախագծել։ Դրա համար հարևան երկիրը չունի համապատասխան գիտական, տեխնոլոգիական և նաև տնտեսական մակարդակ։ Այնպես որ իրականում խոսքը կարող է լինել միայն գոյություն ունեցող զրահամեքենայի արդիականացման մասին։ Համաձայնեք, որ «Վրաստանը ստեծղել է նոր զրահամեքենա» արտահայտությունն ավելի ազդեցիկ է հնչում, քան «Վրաստանը արդիականացրել է իր այսինչ զրահամեքենաները»։

Այժմ անդրադառնանք «Լազիկայի» նախահոր հարցին։ Առաջին հայացքից տպավորություն է մնում, թե մեքենան ստեղծվել է «ԲՄԴ» տիպի որևէ մեքենայի հիման վրա, բայց նախ Վրաստանում «ԲՄԴ» կարծես թե չկա, երկրորդ` ավելի ուշադիր զննելու դեպքում կարելի է նկատել, որ «Լազիկան» այնուամենայնիվ «ԲՄՊ-1»-ի (կամ բացառված չի նաև, որ «ԲՄՊ-2»-ի) արդիականցում է։ «Լազիկայի» շասսին նույն «ԲՄՊ-1»-ի շասսին է մեկ գլանվակով պակասեցրած։ Դրա հետևանքով շասսիի ծանրաբեռնվածությունը, բնականաբար, մեծացել է, իսկ մեքենայի կայունությունը, հավանաբար, տուժել է և մասնավորապես դժվարացել են կրակի վարման պայմանները։ Ընդ որում, մեքենայի պաշտպանվածությունը մեծացնելու փորձերը էլ ավելի են ծանրաբեռնելու թուլացած շասսին։

Մեքենայի կայունությունը էլ ավելի է տուժել բարձրության մեծացման պատճառով, մասնավորապես լեռնային պայմաններում այն ուղղակի կարող է շուռ գալ ” համենայն դեպս դրա հավանականությունն ավելի մեծ է, քան «ԲՄՊ-1/2»-ի դեպքում։

Թեև ակնհայտ փորձ է արվել շեշտը դնել մեքենայի պաշտպանվածության մեծացման վրա, բայց այն սկզբունքորեն չի լավացել։ Եթե նույնիսկ ճիշտ է 14.5մմ տրամաչափի գնդակներից պաշտպանված լինելու մասին տեղեկությունը, նույն 23մմ կամ, առավել ևս, 30մմ տրամաչափի արկերից այն չի պաշտպանում, իսկ հիշեցնենք, որ օրինակ «Մի-24Պ» ուղղաթիռը կամ «ԲՄՊ-2» զրահամեքենան զինված են 30մմ հրանոթներով։ Այսնինքն` առաջընթաց, եթե նույնիսկ կա էլ, այն էապես պատկերը չի փոխում։

Անբավարար է նաև վրացական զրահամեքենայի կրակային հզորությունը։ Իր 23մմ հրանոթով այն չի կարող մրցակցել «ԲՄՊ-2»-ի 30մմ հրանոթի հետ և ինչ-որ իմաստով «երեկվա օր է»։ Մեքենայի վրա տեղադրված չեն նաև հակատանկային կրակ վարելու միջոցներ։ Կրակային հզորության առումով նույն «ԲՄՊ-1»-ի հայկական արդիականացումը, թերևս, ավելի հաջող էր։ Վերջինիս թերությունն էր կրակի կառավարման ժամանակակից համակարգի բացակայությունը, ինչը, ի դեպ, վրացական «Լազիկայի» հիմնական առավելությունն է։

«Լազիկայի» նկատելի առավելություններից մյուսը դեսանտային բաժանմունքի ընդարձակ և հարմար լինելն է։ Ամեն դեպքում նշենք, որ «ԲՄՊ-1»-ի այսպիսի խորը արդիականացման վրացիների այս փորձը դեռևս հում ու թերի լինելով հանդերձ, հետագայում կարող է էապես բարելավվել, թեև, երևի հնարավոր էր արդիականացման այլ, ավելի հաջող ճանապարհ ընտրել։

Լուսանկարները` mil.in.ua կայքից։

Հ.Գ.
«Լազիկայի» նախահոր մասին կան նաև այլ վարկածներ, մասնավորապես ֆրանսիական «AMX-10P»-ի վարկածը։ Մեքենաներն առաջին հայացքից իսկապես շատ նման են, բայց դա միայն առաջին հայացքից։ Ավելի ուշադիր համեմատելու դեպքում կարելի է համոզվել, որ դրանք այնուամենայնիվ տարբեր մեքենաներ են։

3 responses to “Վրաստանը ցուցադրել է «Լազիկա» հետևակի մարտական մեքենան (ֆոտո)

  1. Pingback: Չորս առաջարկ ՊՆ-ին: Վրաստանն ավելացնում է զինծառայության ժամկետը. օրվա ամփոփում | Ռազմ.info

  2. Pingback: Արա, բայց էս վրացիք շատ մազալու ազգ են « Կորեոլան

  3. Pingback: Վրաստանի նախագահն ռազմաարդյունաբերական «Դելտա» ընկերություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *