Ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ. Ինջիղուլյանի նամակից

Արդեն ավարտվել է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների ու ԿԽՄԿ երևանյան գրասենյանի ներկայացուցիչների հանդիպումը։ Հարազատներին լուրեր ու նամակ են փոխանցել Ինջիղուլյանից։

Ռազմինֆոն փորձեց պարզել հանդիպման մանրամասները Հակոբ Ինջիղուլյանի եղբորից՝ Հարություն Ինջիղուլյանից։ Վերջինս շեշտեց. «Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գնացել էին Հակոբին տեսնելու։ Նրանք հավաստիացրել են, որ Հակոբը չունի առողջական խնդիրներ։ Անցյալ անգամ մեր հնչեցրած հարցով նրան տարել են ակնաբուժական կենտրոն, ստուգել են տեսողությունը, գրել են,որ կարճատես չի։ Բայց մենք ասում էինք, որ ինքը կարճատես չի, աչքերն են անընդհատ ցավում, Հայաստանում եղած ժամանակ ակնոց էր կրում։ Մեզ ասացին, որ կփոխանցեն Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներին, որպեսզի նոր ստուգում անցկացվի»։

Հարությունի խոսքերով՝ Ինջիղուլյանին փոխանցել են հարազատների խոսքերը. «Մենք պատասխանատու ենք, քեզ ոչ ոք չի վնասի, վերադարձի´ր հայրենիք», իսկ Հակոբի պատասխան նամակում գրված է. «Խնդրում եմ սպասեք, Աստված մեծ է, ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ»։

Հիշեցնենք, որ դեռևս նոյեմբերի 21-ին ԿԽՄԿ երևանյան գրասենյակից հարազատներին հաղորդել էին՝ Ինջիղուլյանը նամակը չափազանց մոտ է պահել կարդալու համար, լավ չի տեսնում, ուստի դիմել էին Ադրբեջանի պատկան մարմիններին՝ ակնոց տրամադրելու հայցով։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։

Թեպետ հայկական կողմը բազմիցս պաշտոնապես հայտնել է, որ Հակոբ Ինջիղուլյանին Հայաստանում որևէ պատիժ չի սպառնում, Բաքուն շարունակում է պնդել, որ նա իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան և նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *