ՌԴ ՀՌՕ-ն համալրվել է ավելի քան 10 միավոր ՄԻ-35Մ և Մի-28Ն ուղղաթիռներով

ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ավիացիոն բազայում առաջին անգամ նոր ՄԻ-35Մ և Մի-28Ն ուղղաթիռները իրականացրել են համատեղ կրակային փորձարկումներ։ ՀՌՕ-ի ավիաբազան համալրվել է ավելի քան 10 միավոր ուղղաթիռներով։ Տեխնիկայի վրա տեղադրված է արբանյակային նավիգացիա, որը հնարավորություն է տալիս հստակեցնել ուղղաթիռի գտնվելու վայրը, ինչպես նաև ջերմացուցիչ, որը գիշերային պայմաններում հեշտացնում է անձնակազմի գործն ու հնարավորություն տալիս ոչնչացնել ցամաքային թիրախները։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-28Ն հարվածային ուղղաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Մի-35Մ-ը Մի-24-ի արդիականացված տարբերակն է։ Նախատեսված է հակառակորդի զրահատեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման, ինչպես նաև ցամաքային ուժերին և դեսանտայիններին կրակային աջակցություն ցուցաբերելու համար։ Այս ուղղաթիռն օգտագործվում է նաև վիրավորներին տարհանելու և բեռներ տեղափոխելու համար։

Ուղղաթիռը հագեցած է գիշերային տեսողության սարքերով, ինչպես նաև հետախուզության ջերմացույց համակարգերով, որը հնարավորություն է տալիս օրվա յուրաքանչյուր պահի մինչև մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնել և ճանաչել թիրախները։

Մի-35Մ բազմաթիրախային ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1999 թվականին, սպառազինման է հանձնվել 2000 թվականից։

Անձնակամը 2 հոգի է, ուղևորատարությունը՝ 8 զինծառայող կամ 2 պատգարակ՝ ծանր վիրավորներով և բուժաշխատողով։ 1 միավորի արժեքն է 22.5 մլն ԱՄՆ դոլար։

Մի-28Ն-ը խորհրդային Մի-28 ուղղաթիռի ռուսական տարբերակն է, առաջին թռիչքն իրականացրել է 1996-ին։ Ուղղաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Նորմալ թռիչքային զանգվածը 10,9 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 12,1 տոննա։ Ուղղաթիռի առավելագույն արագությունը 300 կմ/ժ է, թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 450 կմ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 3600մ։

Ուղղաթիռը զինված է 30 մմ 2Ա42 թնդանոթով, ունի սպառազինության կախման 4 կետ, որից յուրաքանչյուրի վրա կախվում է 20-ական Ս-8 չկառավարվող հրթիռ։ Սպառազինության մեջ մտնում են նաև 16 միավոր «Ատակա-Բ» հակատանկային կառավարվող հրթիռներ ու 16 միավոր Իգլա-Բ «օդ-օդ» հրթիռներ։ Սպառազինված է կառավարվող «օդ-օդ» և «օդ-մակերևույթ» հրթիռներով, ինչպես նաև չկառավարվող Ս-8, Ս-13 կամ Ս-24 հրթիռներով։ Ուղղաթիռի վրա տեղադրված է նաև 300 մմ փամփուշտներով կրակող ՆՊՈւ-30 թնդանոթային կայան։
Ուղղաթիռի 1 միավորի արժեքը 15-16 մլն ԱՄՆ դոլար է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *