Դժվար թե Ադրբեջանի նորանշանակ նախարարը թալիշ լինի. իրանագետ

Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանում նշանակվեց պաշտպանության նոր նախարարար։ Զաքիր Հասանովի մասին կենսագրական տվյալները սուղ են. հայտնի է, որ ծնվել է թալիշաբնակ շրջանում։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը մանրամասնեց՝ արդյոք այս հանգամանքն ազդեցություն կունենա Իրան-Ադրբեջան փոխհարաբերություններում:

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

Զաքիր Ասքեր օղլու Հասանով

—Արդյո՞ք Իրանի նոր նախագահի պաշտոնավարումը կարող է ջերմացնել Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

—Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին չի փոխի քաղաքականությունը հարևան Ադրբեջանի հարցում: Ավելին, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումից հետո Ադրբեջանը կորցնելու է իր ռազմավարական նշանակությունն ու կարևորությունը: Ադրբեջանը որոշ իմաստով հակաիրանյան տրամադրությունների պլացդարմ էր Արևմուտքի համար, սակայն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի մեղմ մոտեցումը սպառնում է դուրս բերել Ադրբեջանին Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակից:

Իրանաադրբեջանական հարաբերությունները միգուցե կարճ ժամանակահատվածում բարելավվեն կամ ավելի շուտ ստեղծվի բարելավման իմիտացիա՝ երկուստեք պաշտոնական հանդիպումների շարքի տեսքով, սակայն երկարաժամկետ ու խորը բարելավման հեռանկար առհասարակ չկա: Խոսքը վերաբերում է նաև ռազմական ոլորտում փոխհարաբերություններին:

Դրա պատճառը երկու պետությունների միջև առկա խորը հակասություններն են, որոնց լուծումը մոտ ժամանակներում չի սպասվում: Իրանի հասարակական-քաղաքական շրջանակներն արդեն իսկ չունեն այն խաբկանքը, որ Ադրբեջանի հետ բարիդրացիական փոխառնչություններ հնարավոր են:

—Ադրբեջանում սոցցանցերում և ֆորումներում քննարկվեց նաև պաշտպանության նորանշանակ նախարար Զաքիր Հասանովի՝ Աստարայում ծնվելու փաստը: Շահարկվեց այն թեման, որ Աստարայում թալիշները շատ են, ուստի նոր նախարարը, չի բացառվում, թալիշ լինի: Մե՞ծ է հավանականությունը, որ Հասանովը թալիշ է:

—Աստարայի շրջանում մենք ունենք թե՛ թալիշական, թե՛ փոքրաթիվ թյուրքական բնակչություն: Իհարկե, շատ բարդ է մարդաբանական՝ արտաքին նկարագրությամբ որոշել՝ ինչ ազգության ներկայացուցիչ է: Ամեն դեպքում, ես, դատելով արտաքինից, կարծում եմ՝ նա թալիշ չէ: Բացի այդ, եթե նա թալիշ լիներ, ապա թալիշներն արդեն իսկ կսկսեին թեկուզ հենց քարոզչական նպատակներով կիրառել այս հանգամանքը: Որքանով որ հետևել եմ թալիշական տեղեկատվական ռեսուրսներին, որևէ տեղ չի նշվում Զաքիր Հասանովի՝ թալիշ լինելու վերաբերյալ: Սա մեզ թույլ է տալիս եզրակացնել՝ դժվար թե Ադրբեջանի պաշտպանության նոր նախարարը թալիշ լինի: Ասեմ նաև, որ շատ հաճախ ազգությունն ու ծագումը համանման հարցերում գրեթե ոչինչ չեն որոշում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի նախագահի հրամանագրով պաշտպանության նախարարի պաշտոնում Սաֆար Աբիևին փոխարինել է Զաքիր Ասքեր օղլու Հասանովը:

One response to “Դժվար թե Ադրբեջանի նորանշանակ նախարարը թալիշ լինի. իրանագետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *