ՌԴ-ում անցկացվելիք «Տանկային բիաթլոն-2014» մրցմանը կմասնակցեն 10-ից ավելի երկրներ

Ռուսաստանում անցկացվող տանկային բիաթլոնին, որին այս տարի մասնակցեցին նաև Հայաստանի ներկայացուցիչները, հաջորդ տարի նախատեսվում է հրավիրել ավելի քան 10 երկրի մասնակից։ Հավանական է, որ կմասնակցեն ԱՊՀ երկրներից մի քանիսը, ինչպես նաև ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Չինաստանը։

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ ցամաքային զորքերի մամուլի ծառայության ներկայացուցիչ, մայոր Անտոն Գոնչարևին։

Գոնչարևը նշել է նաև, որ մրցույթի մասնակիցները գործնական հարցերը քննարկելու նպատակով կհանդիպեն 2013-ի նոյեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ այս տարի օգոստոսին ռուսական Ալաբինո զորավարժարանում տեղի ունեցավ տանկային բիաթլոնի մրցում, որին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի տանկիստները։ Առաջին հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի թիմը, իսկ հայ տանկիստները զբաղեցրեցին չորրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում էր Ղազախստանի, երրորդը` Բելառուսի թիմը:

Հավելենք, որ ռուսական բանակում վերջին շրջանում հաճախ կազմակերպվող տանկային բիաթլոն ուսումնական վարժանքը նախատեսում է զանազան խաչընդոտների հաղթահարում և տարբեր զինատեսակներով 0,9-2,2 կմ հեռավորության վրա տարբեր թիրախների խոցում։ Ամեն մի վրիպման դեպքում անձնակազմը 0,5 կմ երկարությամբ տուգանային շրջան պետք է կատարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *