F-35-ը ռումբի նետմամբ կարևոր փորձնական թռիչք է կատարել

ԱՄՆ-ի հինգերորդ սերնդի F-35 կործանիչն առաջին անգամ վերգետնյա թիրախի ռմբակոծում է իրականացրել Կալիֆորնիայում։ Փորձնական այս թռիչքը կարևոր էր նրանով, որ առաջին անգամ կործանիչը դրսևորել է իրեն որպես մարտական համալիր և մարտական ռմբակոծություն է կատարել։

F-35B

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում կատարելով Պենտագոնի աղբյուրներին, հոկտեմբերի 30-ին F-35B կործանիչը օդ է բարձրացել «Էդվարդս» ռազմաբազայից՝ ավելի քան 7,6 հազար մետր բարձրությունից նետելով GBU-12 լազերային ուղղորդմամբ և մոտ 226,8 կգ կշռով ռումբեր։ Նետված ռումբերը, ըստ աղբյուրի, խոցել են նախապես որոշված վայրում տեղակայված տանկը։

Կործանիչի օդաչու, ԱՄՆ ՌԾՈւ մայոր Ռիչարդ Ռասնոկը հայտարարել է, որ փորձնական թռիչքը վկայում է՝ կործանիչը կարող է կիրառվել որպես ամբողջական մարտական համալիր, իսկ դա ևս մի քայլ է F-35-ի նախագծի կյանքի կոչման ճանապարհին։

Նշենք, որ F-35 կործանիչն արտադրվում է 3 տարբերակով՝ ՌՕՈւ-ի, ծովային հետևակի կորպուսի և ՌԾՈւ-ի համար։ Ակնկալվում է, որ նոր կործանիչը կտրամադրվի զինված ուժերին 2016-ին։ Մեկ միավորի մոտավոր բազային արժեքը 75 մլն ԱՄՆ դոլար է։

Հավելենք, որ հինգերորդ սերնդի կործանիչ F-35-ն արտադրված է Lockheed Martin ավիաշինական ընկերության կողմից։

Ընթացիկ տարվա փետրվարին արգելք էր սահմանվել փորձնական թռիչքների վրա, քանի որ կործանիչներից մեկի տուրբինում ճաքեր էին հայտնաբերվել։ Թռիքների արգելքը հանվել էր ապրիլին։

Համաձայն ԱՄՆ նախնական ծրագրերին՝ Պենտագոնը ցանկանում էր գնել շուրջ 3 մոդիֆիկացիաներով, 2,8 հազար միավոր F-35 և ոչ պակաս, քան 600 միավոր այդպիսի կործանիչ տրամադրել 9 դաշնակից, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին։

Նկատենք, որ ՌԴ-ն փորձում է հակադրվել F-35 կործանիչներին ՄիԳ-35 կործանիչներով։

Այնուհանդերձ, 2013-ի օգոստոսին հայտնի էր դարձել՝ 37 միավոր ՄիԳ-35-երի գնումը հետաձգվում է մինչև 2016-ը՝ ռազմարդյունաբերության՝ պատվերը կատարելու համար բավարար պատրաստություն չունենալու պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *