Հարավկորեական ՊՆ-ի՝ կիբերհարձակումների դեմ պայքարող աշխատակիցները միջամտել են ընտրություններին

Հարավային Կորեայի ՊՆ կիբերհարձակումների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումների ղեկավարներին հարցաքննել են՝ նախագահական ընտրություններին ապօրինի միջամտելու կասկածանքով: Նրանք իրենց բլոգերում և սոցցանցային էջերով աջակցել են թեկնածուներից մեկին:

Հարավկորեական զինված ուժեր

Հարավկորեական զինված ուժեր

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ՊՆ-ի համապատասխան գրասենյակում խուզարկումներ են ընթացել: Նախնական տվյալներով՝ վերոհիշյալ ստորաբաժանումների 4 ներկայացուցիչներ իրենց համացանցային մեկնաբանություններում գովեստի խոսքեր են ուղղել թեկնածու Պակ Կին Հեի հասցեին և փնովել Մուն Չժե Ինային:

ՊՆ-ն, առանց հիմնավոր փաստարկումների, հավաստիացնում է, որ աշխատակիցներն այդպիսի քայլեր են կատարել «միայն սեփական նախաձեռնությամբ, ոչ թե ղեկավարության պահանջով»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահական ընտրություններին միջամտելու մեղադրանքով ձերբակալվել է Հետախուզության ազգային գործակալության ղեկավարը: Նրա, ինչպես նաև կիբերհարձակումների դեմ պայքարի ստորաբաժանման անդամների դեմ մեղադրանքները ներկայացրել է ընդդիմադիր «Միասնական ժողովրդավարական» կուսակցությունը:

Հավելենք, որ ՊՆ կիբերհարձակումների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումները ստեղծվել են 2010-ին՝ Հյուսիսային Կորեայի հաքերների հարձակումների դեմ պայքարի շրջանակներում ուժերը կենտրոնացնելու նպատակով:

Հարավային Կորեայում նախագահական ընտրություններն ընթացել են 2012-ի դեկտեմբերին: Հաղթանակ է տարել «Սենուրի» կառավարող կուսակցության թեկնածու Պան Կին Հեն՝ 51% ձայների առավելությամբ: Նրա մրցակից «Միասնական ժողովրդավարական» կուսակցության թեկնածուն՝ Մուն Չժե Ինը, հավաքել է 48% ձայն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *