Ռազմաշաբաթ. Հայաստան. հոկտեմբերի 13-19

Ադրբեջանցիների կրակից Նավուր գյուղի բնակիչ է վիրավորվել: Նամակ` Հակոբ Ինջիղուլյանից: Շփման գծում դիտարկումն ավարտվել է ադրբեջանական կրակոցների պատճառով: Զոհ և վիրավորներ` ականի պայթյունից: Նախագահն ընդունել է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարներին: ՊՆ-ում էր Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը: Ձերբակալվել է Արմավիրի զինկոմիսարիատի բաժանմունքի պետը: Շարքայինն ինքն իրեն հրազենային վիրավորում է հասցրել: Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին: Երկրաշարժի հետևանքների վերացման հրամանատարաշտաբային ուսումնավարժանք Շուշիում:

6n9Pc3NeOZGbFzkyuSvLURY59E

1. Հոկտեմբերի 12-ի կեսօրին հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք աշխատելիս են եղել հանդերում: Ավտոմեքենայի ուղղությամբ կրակի հետևանքով կրծքավանդակի ձախ կողմի հետին մասից վիրավորվել է Նավուր գյուղի բնակիչ Հայկ Ստեփանի Քոսակյանը:

2. Հոկտեմբերի 15-ին առավոտյան ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին։ Նախօրեին Հակոբի հարազատները ևս մեկ նամակ են ստացել նրանից: Ռազմինֆոն այս հարցով զրուցել է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ: Ըստ նրա` նամակից որևէակնկալիք պետք չէ ունենալ:

3. Հայ-ադրբեջանական շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ՊԲ-ի դիրքերի ուղղությամբ հրաձգային զենքից արձակված կրակոցների պատճառով:Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը որոշել է դադարեցնել դիտարկումը:

4. Հոկտեմբերի 16-ին ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասի հսկողության տարածքում մարտական խնդիր իրականացնելիս զոհվել է ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գևորգ Գագիկի Մնացականյանը։ Եվս երեք զինծառայող վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել Երևանի ԿԿԶՀ: Տարվում է հետաքննություն:

5. Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 35-րդ նիստին մասնակցած պատվիրակությունների ղեկավարներին: Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են խորհրդի ծաղկաձորյան նիստում քննարկված հարցերն ու կայացված որոշումները:

6. Հոկտեմբերի 17-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության ներկա փուլին և ապագա հեռանկարներին, ինչպես նաև Անհատական գործընկերության գործողության ծրագրի կատարման ընթացքին վերաբերող հարցեր:

7. Ռազմական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կաշառակերության համար մեղադրվող ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանին: Փաստի առթիվ 12.10.2013թ. ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

8. Հոկտեմբերի 18-ին 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերի մեկի մարտավարական դաշտում շարքային զինծառայող Ռուբեն Էդուարդի Դավթյանն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է մահացու հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամկետային զինծառայողը մահացել է: Հարուցվել է քրեական գործ:

9. Հոկտեմբերի 17-ին Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

10. ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ-ն Արցախի փրկարար ծառայության հետ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում 2013 թվականի հոկտեմբերին Շուշիի շրջանում կայանալիք՝ ուժեղ երկրաշարժի հետևանքների վերացման հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին մասնակցելու նպատակով: «Երկրաշարժը և նրանից պաշտպանվելու վարքականոնները» թեմայով ուսուցում է եղել Շուշիի շրջանի աշխատակազմի, քաղաքապետարանի, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի մասնաճյուղի, Շուշիի հրշեջ-փրկարարական ծառայության և մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավար անձնակազմերի համար:

Ռազմաշաբաթը նաև

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *